Հունվարի 28-ը որպես հայոց բանակի տոն, որպես հաղթանակների ու վերածննդի մարմնավորման տոն, նշում ու կարևորում են ոչ միայն Հայաստանի հանրապետության սահմաններում, այլև դրանից դուրս: Այս տոնը միշտ ու թերևս վերջին տարիներին հատկապես ստացել է համահայկական կարևորություն՝ ներգրավելով սփյուռքում ապրող հայերին ևս:
Հայոց բանակը՝ որպես Հայաստանի անվտանգության ու անկախության երաշխիք ընկալում են բոլորը, ու սա պատահական չէ, որովհետև օր օրի մեր բանակը թրծվում ու դառնում է առավել մարտունակ, պայքարող՝ ապրիլյան ցավալի դեպքերը թերևս վառ օրինակ:
Ու այս ամբողջը սփյուռքի աչքի առաջ, ովքեր էլ շունչները պահած կիսում են Հայաստանի սահմաններում գրանցվող և հաղթանակները, և հետո հաղթանակի վերաճող ձախողումները:
Արդեն 26 տարեկան հայոց բանակի հոբելյանի առիթով, Հայաստանում և Արցախում անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ ու բնական է, որ արտերկրում ապրող մեր հայրենակիցները ևս անմասն չեն մնում այս տոնը նշելու հնարավորությունից:
Մասնավորապես՝ Լոս Անջելեսում հունվարի 28-ին տեղի կունենա միջոցառում ՝ նվիրված հայոց բանակի 26 ամյակին: Միջոցառումը լինելու է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հովանու ներքո: Օրվա հատուկ հյուերն են լինելու հերոսներ ՝ Նարեկ Մալխասյանը և Մարատ Պետրոսյանը:
Սփյուռքում անկացվող այսօրինակ միջոցառումները միշտ են անկացվում, որոնց գլխավոր նպատակը ոգևորելն ու գոտեպնդելն է հայոց սահմաններն անառիկ պահող հայ զինվորներին, չէ որ հենց բանակի մարտունակությունից ու պատրաստակամույթունից է կախված բոլորիս ապագան: