Մխիթարյանի տեղափոխությունը` միֆ, թե՞ իրականություն. ի՞նչ դեր ունի Բաքվի խաղն այս ամենում

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անունը վերջերս հաճախ է դառնում քննարկման առարկա: Հայ ֆուտբոլիստին ուր ասես չեն ուղարկում` մոռանալով, որ նա գործող պայմանագիր ունի «Արսենալի» հետ:

Երկու- երեք ամիս առաջ սկսեցին հնչել առաջին տարբերակները, թե ումից է ուզում ազատվել «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին: «Սև ցուցակում» հայտնված ֆուտբոլիստների մեջ նշվում էին Մեսութ Օզիլի և Հենրիխ Մխիթարյանի անունները: Հանգիստ թողնենք գերմանացի ֆուտբոլիստին, քանի որ մեզ հետաքրքրում է Մխիթարյանը:

Այս ընթացքում, երբ հայ ֆուտբոլիստին լոնդոնյան ակումբից «ուղարկում» էին այլ թիմեր, Էմերին հաճախակի էր գովում Մխիթարյանին` անընդհատ նշելով, որ նա մեծ ծավալի աշխատանք է կատարում և պետք է «Արսենալին»: Ընդունում ենք, որ այս մրցաշրջանում Մխիթարյանը կայուն ելույթներ չունեցավ: Եղան վերելքներ, եղավ և հակառակը: Բայց մարզիչն առայժմ ոչ մի անգամ չի խոսել նրանից ազատվելու մասին:

Ասում էին, թե Հենրիխի պայմանագիրը ֆինանսապես ձեռնտու չէ «Արսենալին», հայ ֆուտբոլիստը բարձր աշխատավարձ է ստանում: Եվ դա կարող թիմի ու ֆուտբոլիստի բաժանության պատճառ դառնալ: Այստեղ նորից պետք է վերհիշենք, որ Հենրիխը «Արսենալի» հետ մինչև 2021 թվականը գործող պայմանագիր ունի: Հետևաբար, առանց հայ ֆուտբոլիստի համաձայնության հնարավոր չէ իրականացնել նրա տրանսֆերը այլ ակումբ:

Բացի այդ կա մեր ֆուտբոլիստի գործակալի՝ Մինո Ռայոլայի գործոնը: Այս մարդը երբեք չի հայտնվի ոչ շահեկան դիրքում, ոչ իր, ոչ էլ իր ֆուտբոլիստի տեսանկյունից: Նույնիսկ, եթե հաշվի առնենք, որ հիմա Ռայոլան որակազրկված է, այս գործակալի հեղինակությունը առայժմ անսասան է: Այսինքն` եթե «Արսենալի» պնդի, որ Մխիթարյանը պետք է հեռանա, դա թիմի վրա կարող է բառի բուն իմաստով ավելի թանկ նստել: Որովհետև հայ ֆուտբոլիստի ոչ ինքնակամ հեռանալու դեպքում ակումբը ստիպված է լինելու փոխհատուցում վճարել:

Հիշենք, թե ինչպես հայ ֆուտբոլիստը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդից»: Նույնիսկ այն պայմաններում, որ Ժոզե Մոուրինյոն չէր ուզում տեսնել հայ ֆուտբոլիստին իր թիմում, Հենրիխը «Արսենալ» տեղափոխվեց ավելի լավ պայմաններով: Սա էլ Ռայոլայի գործոնը:

Իսկ հիմա հիշենք, երբ Մխիթարյանը նոր էր սկսում իր միջազգային կարիերան, ինչ գումարներ էր առաջարկում մեր ֆուտբոլիստին ռուսական «Անժին»: Բայց Մխիթարյանը հրաժարվեց մեծ գումարներից`մտածելով ավելի լավ կարիերայի մասին: Հենրիխը փայլուն կարիերա արդեն ունի և մեծ ճանաչում ու հարգանք է վայելում ֆուտբոլասերների շրջանում: Եվ ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ Եվրոպայում:

Հունվարին Մխիթարյանը կդառնա 31 տարեկան: Աստված առողջություն տա հայ ֆուտբոլիստին, ու նա ինչքան հնարավոր է թող երկար խաղա ու առաջ տանի մեր հավաքականին: Բայց ինչպես հասկանում ենք, ֆուտբոլի համար նա արդեն երիտասարդ չէ, ու կարիերան սկսում է աստիճանաբար գնալ դեպի մայրամուտ: Այսինքն` Հենրիխը հիմա մտածելու է, ոչ միայն բարձրակարգ թիմում խաղալու, այլ նաև իր ֆինանսական վիճակի մասին, քանի որ ֆուտբոլիստի կյանքը ինչպես գիտենք խաղադաշտում երկար չէ:

Հնչում է նաև տարբերակ, ըստ որի Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպման արդյունքից է կախված Մխիթարյանի հետագա ճակատագիրը «Արսենալում»: Միանշանակ` ոչ:

Հայ ֆուտբոլիստը Բաքու կմեկնի, թե ոչ, նաև նրա անձնական որոշումն է: Հասկանալի է, թե ինչ ճնշման տակ կլինի մեր ֆուտբոլիստը թշնամի երկրի մայրաքաղաքում: Հասկանալի է, որ երաշխիքներ ստանալու դեպքում նրա կյանքին վտանգ կարող է չսպառնալ: Բայց, միևնույն է, յուրահատուկ դիսկոմֆորտ լինելու է: Հետո էլ պատկերացրեք, որ մոտ 70 հազարանոց մարզադաշտում լինելու է «Արսենալի» ընդամենը 6 հազար երկրպագու: Այսինքն` երբ գնդակը հայտնվի Մխիթարյանի մոտ 64 հազարը սուլելու են: Դա ահավոր ճնշում է:

Հայտնի է Հենրիխ Մխիթարյանի հարսանիքի հստակ օրը

Մխիթարյանի ճակատագիրը «Արսենալում» կախված է ֆուտբոլիստ- գործակալ-ակումբ բանակցություններից: Ապացուցելու շատ բան Մխիթարյանը չունի: Նրա հնարավորությունները հայտնի են բոլորին:  Ամենավառ օրինակը: 2017 թվականին Դենի Դրիկվոթերը «Լեսթեից» տեղափոխվեց «Չելսի» շաբաթական 150 հազար ֆունտ պայմանագրով: Երկու մրցաշրջանների ընթացքում Դրինկվոթերը «Չելսիի» կազմում անցկացրել է ընդամենը 12 խաղ, այն էլ հիմնականում դուրս գալով փոխարինման:

Ոչ ոք չի կարող ֆուտբոլիստին հեռացնել թիմից, եթե նա չի ուզում: Այնպես որ, ճտերն աշնանն են հաշվում: Իսկ մինչև աշուն կլինի ամառային տրանսֆերային պատուհանը: Սպասենք պաշտոնական ինֆորմացիայի, այլ ոչ թե վարկածը ներկայացնենք որպես իրականություն:

armeniasputnik.am