Թուրքիայի անվտանգության ծառայությունը կանխել է ծրագրված ահաբեկչությունը, որը պետք է տեղի ունենար երկրի խորհրդարանի շենքում, հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով երկրի նախագահի աշխատակազմի հեռահաղորդակցության հարցերով վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունին:
Պաշտոնյան մանրամասնել է, որ ահաբեկչությունը փորձել է իրագործել «Հեղափոխական ազգային-ազատագրական կուսակցություն՝ ճակատ» ծայրահեղական խմբավորման երկու անդամ:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկուսը մուտք են գործել խորհրդարանի շենք ու փորձել օրենսդրական մարմնի աշխատակիցներին պատանդ վերցնել: Սակայն անվտանգության ուժերին հաջողվել է չեզոքացնել ահաբեկիչներին:
Ալթունը, մեկնաբանելով կատարվածը, նշել է, որ խորհրդարանի շենքում ահաբեկչություն գործելու մտադրությունը ժողովրդի կամքը թիրախավորելու փորձ էր:
«Ահաբեկիչների ունեցած բոլոր կապերը պարզվելու են և նրանք պատասխան են տալու: Թուրքիան որևէ հնարավորություն չի տալու ոչ մի ահաբեկչական կազմակերպության»,- Twitter-ում գրել է Ալթունը:
Աղբյուրը մանրամասնում է, որ «Հեղափոխական ազգային-ազատագրական կուսակցություն՝ ճակատ»-ը հիմնադրվել է 1978թ. և արմատական մարքսիստական-լինինյան գաղափարախոսության հետևորդ է: Ավելի վաղ թուրքական իշխանությունները խմբավորմանը մեղադրել էին մի շարք խոշոր ահաբեկչությունների իրականացման համար: