Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, կոնտրադմիրալ Հոսեյն Խանզադին, մեկնաբանելով Arlington ավիակիրը Մերձավոր Արևելք ուղարկելու Վաշինգտոնի որոշումը, հայտնել է, որ ԱՄՆ-ն պետք է լքի տարածաշրջանը, հայտնում է ria.ru գործակալությունը:
«Տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայության վերջը եկել է, և նրանք պետք է լքեն այն»,- ասել է Խանզադին:
«Պարսից ծոցի շրջան ավիակիր ուղարկելու մասին խոսակցությունները նոր չեն, ԱՄՆ-ն ձգտում է բարձրացնել պատերազմի հավանականությունը»,- հավելել է նա:
Իրանի օդատիեզերական ուժերի հրամանատար, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ամիր-ալի Հաջիզադեն էլ հայտնել է, որ Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի «գլխին հարված հասցնել»՝ Պարսից ծոցում նրա ներկայության համար, հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը:
«Ավիակիրը, որի վրա գտնվում է նվազագույնը 40-50 ինքնաթիռ և 6000 զինծառայող, մեզ համար լուրջ սպառնալիք էր անցյալում, սակայն հիմա սպառնալիքը վերածվել է հնարավորության: Եթե ամերիկացիները քայլ անեն, մենք հարված կհասցնենք նրանց գլխին»,- ասել է նա:
Իրավիճակի սրումը տեղի է ունեցել Իրանի իշխանությունների վերջին որոշման ֆոնին: Հիշեցնենք, որ օրեր առաջ պաշտոնական Թեհրանը նամակ է ուղարկել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի անդամ 5 երկրի՝ տեղեկացնելով պարտավորությունների մի մասի կատարման դադարեցման մասին:
Իրանի առաջնորդն ընդգծել է, որ միջուկային ծրագրի «վերջը դեռ չի եկել»: Սակայն Թեհրանն իրեն պարտավոր չի համարում հետևելու բոլոր սահմանափակումներին և փոխում է համաձայնագրի երկու կետերի գծով վարած քաղաքականությանը: Դրանք վերաբերում են հարստացված ուրանի ու ծանր ջրի պաշարների պահմանը:
Իրանը 60 օր է տվել 5 գործընկերներին, որպեսզի իրականացվեն Թեհրանի շահերի ապահովման գծով բոլոր պարտավորությունները, այդ թվում՝ բանկային ու նավթային ոլորտներում:
Հիշեցնենք, որ 2015 թվականին Իրանն ու միջազգային «միջնորդ վեցյակը»՝ Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա, հասել են իրանական միջուկային ծրագրի շուրջ պատմական համաձայնության:
Ընդունվել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր, որի դրույթներին հետևելն ազատել է Իրանին իր նկատմամբ ՄԱԿ-ի ԱԽ-ի, Եվրամիության ու ԱՄՆ-ի սահմանած տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցներից:
Սակայն 2018 թվականի մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս է գալիս համաձայնագրից, ինչպես նաև հայտնել է, որ ԱՄՆ-ն վերականգնում է Իրանի նկատմամբ սահմանած բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ այն երկրների նկատմամբ սահմանած, որոնք բիզնես են վարում Իրանի հետ:
«Հնգյակն» ու Թեհրանը պայմանավորվել են մշակել ֆինանսական մեխանիզմ՝ ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցելով հաշվարկներ իրականացնելու համար: