Այսօր Եռաբլուրում 2016 թվականի քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Լրագրողների հարցին՝ ի՞նչ հետևություն է արել Ապրիլյան պատերազմից հետո, Փաշինյանն ասաց, որ այսօր էլ այդ խնդիրը կառավարության օրակարգում է: «Մենք պետք է խորությամբ հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել և հետևություններ անենք»,- նշեց վարչապետը:
Հարցին՝ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո կարելի՞ է ասել, որ սահմանին լարվածություն չի լինի, և այլևս քառօրյա պատերազմներ չեն լինի, նա պատասխանեց. «Բանակցային խաղաղ գործընթացը պետք է շարունակվի, բայց մենք պետք է հասկանանք, որ քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ, մենք՝ որպես պետություն, ժողովուրդ պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման»:
Անդրադառնալով Դավիթ Տոնոյանի հայտարարությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պաշտպանության նախարարի արած հայտարարության վերաբերյալ աղմուկն անիմաստ է: «Եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի պաշտպանության նախարարի պաշտոնից: Պաշտպանության նախարարն ասել է՝ եթե հանկարծ պատերազմ լինի, մեր ձգտումը լինելու է հաղթելն այդ պատերազմում, եթե հանկարծ պաշտպանության նախարարն այլ բան մտածի, ինքը պետք է պաշտպանության նախարար չաշխատի: Սա որևէ կերպ ստվեր չի գցում կարգավորման խաղաղ գործընթացի վրա, ընդհակառակը՝ շեշտում է խաղաղ կարգավորման գործընթացի կարևորությունը»,- շեշտեց վարչապետը:
Նշենք, որ Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարարը հայտարարել էր. «Ես` որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը վերաձևակերպել եմ, մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»:
Հարցին էլ՝ այսինքն համաձայնեցվա՞ծ էր Տոնոյանի խոսքը իր հետ, վարչապետը պատասխանեց. «Պաշտպանության նախարարը գործում է վարչապետի ղեկավարման և ենթակայության ներքո, դրա հետ կապված որևէ հարց ունե՞ք»