Այսօր լրանում է Ապրիլյան քառօրյա պատերազմի երրորդ տարելիցը, ինչի կապակցությամբ քաղաքացիներն ու ՀՀ ղեկավար կազմը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին:
Նշենք, որ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսել է լայնածավալ ռազմական գործողություններ: Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողություններ են ընթացել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև:
Առավել թեժ մարտեր են ընթացել արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում։
Մարտական գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 100 մասնակից: