Սևակ Խանաղյանի տպավորիչ մենահամերգը մարզահամերգային համալիրում

Ներկա՞ էիք երեկ  Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած մենահամերգին: Այո՞: Ասեք, որ ստացված համերգ էր: Ո՞չ: Այդ դեպքում` երեկոյի մասին  կպատմի  BlogNews.am-ը: Դահլիճը լեփ-լեցուն էր դեռ համերգից ժամեր առաջ: Նոր մենահամերգ ու ավելի շատ հեղինակային երգեր. Սևակն, իհարկե, հուզված էր, բայց համեգը սկսվեց լավ նոտայով ու արդեն 3-4-րդ երգից օրվա հերոսն ամբողջությամբ «կլանեց» դահլիճը: Հիանալի տրամադրություն, բարձր ծափահարություններ, «Ս՜ևակ, Ս՜ևակ» վանկարկող և կատարողի հետ երգող հանդիսատես, ծաղիկներ…

Առաջարկում ենք դիտել BlogNews.am-ի տեսախցիկի ֆիկսած ուշագրավ դրվագները, որոնք կօգնեն  ամբողջացնել երեկոյի տպավորությունները:

Ինչպես նախապես խոստացել էր Սևակը թիմն իսկապես զարմացրեց. Յուրահատուկ ձայն ու կատարողականություն,  էմոցիոնալ պոռթկումներ, կենդանի հնչողություն ու լուսային խելահեղ շոու.  Թվով 3-րդ մենահամերգը լիովին տարբերվեց երևանյան նախորդ ելույթներից. Ընդնանուր առմաբ հնչեց երկու տասնյակից ավելի երգ, որոնց մեծ մասը հեղինակային էին ու Սևակը դրանք կատարում էր առաջին անգամ: Չմոռանանք նշել նաև քավերները, որոնցից երգիչը դեռ չի կարողանում հրաժարվել, քանի որ  նրան սկսեցին ճանաչել ոչ միայն հեղինակային, այլև  հայտնի երգերի մեկնաբանությունների շնորհիվ:

Սպասված համերգային ծրագրին անկրկնելի երանգ հաղորդեց  Սևակի բենդը, որոնցից շատերի հետ երգիչը դեռ մանկուց է անցել  ճանապարհ:   Հանդիսատեսի շարքում էին նաև Սևակի ծնողները, որդին ու կինը, որոնց նա առանձնակի շնորհակալություն հայտնեց իր կողքին լինելու և ցանկացած պարագայում  աջակցելու համար:

Զգացմունքներն ու հույզերը գագթնակետին հասան, երբ հնչեց ամենհայտնի  երգերից մեկը` «Մի լռիր»-ը:  Կատարմանը ձայնակցում էր ողջ դահլիճը, իսկ կատարումն ուղեկցվում էր դահլիճում շողացող լույսերի գեղեցիկ տեսարանով:

90 րոպեն  շատ արագ անցավ, իսկ երբ հնչեց Սևակի  այցեքարտը համարվող երգերից  «Տի ի յա» -ն` հասկացանք, որ հրաժեշտ տալու ժամանակն է՝ նորից հանդիպելու սպասումով:

Վերջում էլ, իհարկե, աղջիկները գլխապատառ բեմ վազեցին ու  հերթը հասավ սելֆիներին, որոնց, թվում էր՝ վերջ չկա:

Նյութը՝ Էմմա Վարդանյանի

Լուսանկարները՝ Շուշանիկ Անտոնյանի

BlogNews.am