27 հազար դոլար, 16 հազար եվրո, շուրջ 9 մլն դրամ, նաև անշարժ գույք. «Իմ քայլի» պատգամավորի ունեցվածքը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Ա. Կարապետյանը հայտարարագրել է բնակարան, հողամաս եւ անավարտ (կիսակառույց) շինություն: Շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ պաշտոնատար անձի հանձնած փոխառությունների չափը կազմել է 3500 ԱՄՆ դոլար:

Նշված ժամանակահատվածում Աննա Կարապետյանի դրամական միջոցները կազմել են 9 150 000 ՀՀ դրամ, 27 200 ԱՄՆ դոլար եւ 16 400 եվրո:

Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1–ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 1 585 108 ՀՀ դրամ, որը գոյացել է երկու աշխատավարձերից: Առաջինից գոյացած եկամուտը կազմել է 1 189 108 ՀՀ դրամ, երկրորդից ստացած եկամուտը՝ 396 000 ՀՀ դրամ: Հավելենք, որ Ա. Կարապետյանը Ազգային ժողովի պետական–իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալն է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: