Մինսկի համառությունը. ինչո՞ւ չի հաջողվում համաձայնության հասնել ՀԱՊԿ–ում

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը դեռ կախված է օդում։ ԵԱՏՄ երկրների առաջնորդների` դեկտեմբերի 6–ին կայացած գագաթնաժողովը, որի ընթացքում ամեն ինչից զատ պետք է քննարկվեր նաև այս հարցը, մեծացրեց ինտրիգի չափաբաժինը։ Պատճառը Բելառուսի նախագահի հայտարարությունն էր, ըստ որի` կազմակերպության ղեկավարի պաշտոնը կստանձնի Բելառուսի ներկայացուցիչը։

Դրան հաջորդեց Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի մամուլի քարտուղարի մեկնաբանությունը։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում Արման Եղոյանը հերքեց բելառուս առաջնորդին` նշելով, որ գլխավոր քարտուղարի հարցը դեռ չի որոշվել։ Նրանից հետո այս մասին խոսեց նաև Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, և Եղոյանի ասածը հաստատվեց։ Այս հակասական հայտարարությունները վկայեցին, որ կուլուարներում հիրավի դիվանագիտական թեժ մարտեր են ծավալվում, հիմնականում` Երևանի և Մինսկի միջև։

«Երևանի և Մինսկի տարաձայնությունները պայմանավորված են այն գործընթացներով, որոնք վերջին ամիսներին ծավալվում են Յուրի Խաչատուրովի դեմ քրեական գործ հարուցելուց և նրան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչելուց հետո։ Ես դեռ այդ ժամանակ ասել էի, որ Հայաստանի համար չափազանց դժվար կլինի պահպանել այդ պաշտոնը», – Sputnik Արմենիային ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

Նրա խոսքով` հայկական դիվանագիտությունն ահռելի ջանքեր է գործադրել այդ պաշտոնը մինչև 2020թ. պաhպանելու և իր մեկ այլ ներկայացուցչին նշանակելու համար։ Բայց Երևանի վճռականությունը բախվել է Ղազախստանի և Բելառուսի համառությանը։

Փորձագետը նշեց, որ ՀԱՊԿ կանոնակարգում արձանագրված չեն այնպիսի մեխանիզմներ, որոնք կկանոնակարգեին նմանօրինակ իրավիճակները։ Նա ենթադրում է, որ Խաչատուրովի պատմությունից հետո փաստաթղթում շտկումներ կանեն։

Սարգսյանը փաստեց նաև ՀԱՊԿ երկրների ղեկավարների մամուլի ծառայությունների միջև համակարգման բացակայությունը, ինչն առավել ակնհայտ դրսևորվեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո։ Նա ասել էր, որ դեկտեմբերի 6–ին ծրագրված ՀԱՊԿ նիստը տեղափոխվել է ռուսական կողմի առաջարկով։ Որոշ ժամանակ անց Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ նիստը տեղափոխել են Երևանի խնդրանքով։

«Սովորաբար առաջնորդների խոսակցություններից հետո նրանց մամուլի ծառայությունները և ներկայացուցիչները կապ են հաստատում միմյանց հետ և փորձում են ինչ–որ միասնական դիրքորոշում մշակել։ Տվյալ դեպքում մենք գործ ունենք համակարգման բացակայության հետ, ինչն էլ այդպիսի հակասական հայտարարությունների հանգեցրեց», – ասաց Սարգսյանը։

Փորձագետը հույս ունի, որ Փաշինյանն առաջիկա օրերին հասարակությանը կներկայացնի պետերբուրգյան փակ քննարկումների արդյունքները։ Ակնհայտ է, որ որոշակի պայմանավորվածություններ, այնուամենայնիվ, եղել են։

Նա կարծում է, որ եթե հայկական կողմը կարևորություն չտար գլխավոր քարտուղարի պաշտոնին, ապա այսքան ակտիվ դիվանագիտական պայքար չէր լինի։ Դատելով այն հետևողականությունից, որով Երևանն այդ ուղղությամբ աշխատում է Աստանայի և Մինսկի հետ, կարելի է ենթադրել, որ երկրի ղեկավարությունը բավականին վճռական է տրամադրված։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր էր մնացել Յուրի Խաչատուրովին հետ կանչելուց հետո։ Հայաստանում նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել, Խաչատուրովը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ի հետընտրական իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մեջ։

armeniasputnik.am