Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը կրկին հրավիրված է ելույթ ունենալու Սիցիլիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ: Այս անգամ Սիցիլիայի մայրաքաղաք Պալերմոյում կայանալիք համերգին Թոփչյանի հետ հանդես կգա նաեւ «Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ հիմնադիր եւ խմբավար Սոնա Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Համերգները կկայանան հունվարի 24-ին եւ 25-ին՝ Politeama Garibaldi թատրոնում (Պալերմո): Ծրագրում կհնչեն Աարոն Կոպլենդի «Խաղաղ քաղաք» ստեղծագործությունը եւ Շոստակովիչի թիվ 13 «Բաբի Յառ» սիմֆոնիան: Համերգին կմասնակցեն Միխայիլ Ռիսսովը (բաս), Սալվատորե Մագացցուն (շեփոր), Մարիա Գրացիա Դ՛Ալեսսիոյին (անգլիական եղջերափող):
Շոստակովիչի թիվ 13 «Բաբի Յառ» սիմֆոնիան գրված է Եվգենի Եվտուշենկոյի համանուն բանաստեղծության հիման վրա, որտեղ նկարագրվում է, թե ինչպես են ֆաշիստները գազանաբար հաշվեհարդար տեսնում հրեաների հետ Կիեւից ոչ հեռու՝ Բաբի Յառ կոչվող տեղանքում: Հինգ մասից բաղկացած սիմֆոնիան փոխանցում է այդ դեպքերի ողջ արհավիրքն ու ողբերգությունը: «Բաբի Յառ» սիմֆոնիայի պրեմիերան կայացել է 1962թ. դեկտեմբերին, Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում, դիրիժոր՝ Կիրիլ Կոնդրաշին:
Ծրագրում կհնչի նաեւ Աարոն Կոպլենդի «Խաղաղ քաղաք» ստեղծագործությունը՝ գրված շեփորի, անգլիական եղջերափողի եւ լարայինների համար: Այն գրվել է երիտասարդ Իրվին Շոուի թատերական ստեղծագործության համար: «Խաղաղ քաղաք»-ը բացառիկ նրբագեղությամբ օժտված երաժշտական ստեղծագործություն է: Պրեմիերան կայացել է Նյու Յորքում, 1941թ․ հունվարի 28-ին, դիրիժոր՝ Դանիել Սայդենբերգ:
Սիցիլիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ Թոփչյանի առաջին համերգները կայացել են 2019թ. մարտի 15-ին եւ 16-ին: