Երգն ավտոմեքենայում կարող է բավականին բարձր տրամադրություն ստեղծել. Սոֆի Մխեյանն` իր նոր նախագծի և «Ռեհան» երգի մասին

Երգչուհի Սոֆի Մխեյանը դեռ անցյալ ամիս հայտարարեց, որ ամեն ամսվա վերջին նոր անակնկալով է ներկայանալու իր երկրպագուներին, եւ ահա կարճ ժամանակում արդեն երկրորդ աշխատանքն է ներկայացնում: Life.panorama.am-ը նոր նախագծի մասին զրուցել է Սոֆիի հետ եւ հետաքրքրվել` արդյոք դժվար չէ՞ կարճ ժամանակում անդադար աշխատել ու պարտադիր պահել որակը:
«Դե, իհարկե, ճանապարհին դժվարություններ լինում են, եւ դրանք, որպես կանոն, կապված են լինում թե՛ ժամանակի սղության, թե՛ անդադար աշխատելու, եւ թե՛ բարձր որակ ապահովելու հետ։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ մեծ ցանկության, լավ թիմի առկայության եւ երկրպագուների մշտական աջակցության շնորհիվ ցանկացած բնույթի դժվարություն էլ հաղթահարելի է»,- նշեց Սոֆի Մխեյանը, իսկ անդրադառնալով երկրպագուների արձագանքին` հավելեց.
«Արձագանքներ կան եւ դրանք հիմնականում ոգեւորության տեսքով են։ Ինչպես նշել եմ, նախագծի շրջանակներում լինելու են նոր երգեր, հին երգերի քավեր տարբերակներ, ֆոտոշարքեր… Փաստորեն երկրպագուներս, ինչպես նաեւ պարզապես հետեւորդներս անդադար սպասումների մեջ են, թե այս անգամ ինչ է լինելու։ Ասեմ՝ ամեն ինչ էլ ավելի հետաքրքիր է լինելու»:
Օրեր առաջ Սոֆին ներկայացրեց «Ռեհան» երգը: Այս մասին խոսելիս երգչուհին պատմեց երգի եւ տեսահոլովակի պատմությունը:
««Ռեհան»-ի երաժշտության հեղինակը Նիկ Եգիբյանն է, խոսքերը գրել է Վլադ Պողոսյանը։ Երգի ողջ գաղափարն առաջացել է «Բոստան մը ցաներիմ անուշ հոտով ռեհան…» նախերգանքից: Ցանկություն առաջացավ շարունակել ասելիքը՝ միեւնույն ժամանակ ստանալով ուրախ, նոր երգ։ Դե իսկ նախերգանքի տրամադրությունը շարունակելու ու երգն ավելի ժողովրդաէստրադային դարձնելու հարցում մեզ օգնեց «Գաթա» բենդը՝ Գարեգին Առաքելյանի գլխավորությամբ, եւ արդյունքում ստացանք այն, ինչ ստացանք»:
Սոֆին նոր հոլովակը մեքենայում է նկարահանել, նրա խոսքով` դա ընկերական գաղափար է եղել:
«Հոլովակի համար հատուկ եզրույթ եմ հորինել՝ հեռախոսահոլովակ, քանի որ նկարհանել ենք ընդամենը երկու սմարթֆոնով՝ ավտոմեքենայում։ Իսկ գաղափարն առաջացել է ընկերական շրջապատում եւ իրականացվել է հենց ընկերների աջակցությամբ։ Կարծում եմ՝ այն բավականին թրենդային է ստացվել ու բացի այս, հուշում է նաեւ, որ երգն ավտոմեքենայում կարող է բավականին բարձր տրամադրություն ստեղծել. փորձված բան է»,- նկատեց նա:
Իսկ վերջում խոսելով առաջիկա անելիքների մասին` Սոֆին հավելեց.
«Ինչպես խոստացել եմ, 2018-ը շատ-շատ թեժ է լինելու,  այնպես որ թող սպասեն անակնկալների, անակնկալների ու էլի անակնկալների՝ շարունակելով հետեւել ինձ եւ հատկապես յուրաքանչյուր ամսվա վերջին օրը «հյուր» գալ իմ ֆեյսբուքյան եւ ինստագամյան էջեր»:
Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան
Աղբյուրը՝ life.panorama.am