ՍԻՐԻԱՅՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆ ԱՐՇԱԿ ՓՈԼԱԴՅԱՆԸ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 25-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՐՔ Է ՀՐԱՏԱՐԱԿԵԼ

Հայաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ օրերս Դամասկոսի «Ալ-Շարկ» հրատարակչությունում լույս է ընծայվել Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանի երկու մասից բաղկացած «Հայաստանը՝ երեկ և այսօր» մենագրությունը:

«Աշխատության առաջին մասում հեղինակն արաբ ընթերցողին է ներկայացնում հայ ժողովրդի պատմական անցյալը, Հայաստանի պատմական բաժանումները՝ հիմնական շեշտը դնելով Օսմանյան Կայսրությունում արևմտահայության պատմական դրվագների վրա: Մենագրության մեջ առանձնահատուկ տեղ է հատկացվել արևմտահայության վիճակին, Ցեղասպանության երեք փուլերին՝ սուլթան Աբդ ալ-Համիդի, երիտթուրքերի և քեմալական Թուրքիայի ժամանակահատվածներին:

«Հայկական հարցը» բաժնում հեղինակը հանգամանորեն անդրադարձ է կատարել Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը: Հեղինակը նաև առանձնահատուկ տեղ է հատկացրել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ վերջին 10-ամյակի ընթացքում Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ կատարված մեծ ծավալի աշխատանքներին:

Դեսպան Փոլադյանը լուսաբանել է հայ-արաբական պատմական առնչությունները`  ներկայացնելով Հայաստանի և արաբական աշխարհի միջև գոյություն ունեցող միջպետական հարաբերությունների պատմությունը և ներկան:

Աշխատության երկրորդ բաժնում` «Հայաստանի Հանրապետությունը 1991-2016թթ»,  հեղինակը հանգամանորեն լուսաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը, ներկայացրել խնդրի պատմական ասպեկտները և հարցի էությունը խեղաթյուրելու Ադրբեջանի ապակառուցողական փորձերը:

Արշակ Փոլադյանը անդրադարձ է կատարել Հայաստանի Հանրապետության վարչական բաժանումներին, պատմամշակութային ժառանգությանն ու գիտամշակութային ներուժին»:

www.fbh.am