Մանկագիրների սերունդն այսօր ծերացել է…

“Երեխաների համար պետք է գրել այնպես, ինչպես մեծերի  համար, միայն թե ավելի լավ”, – մի առիթով գրել է Լև Տոլստոյը:

Ո՞ւր են մեր մանկական գրողները այսօր, ինչի՞ մասին են գրում և ո՞վ է մեր ժամանակների փոքրիկների հերոսը…

Այս և մի շարք այլ նմանատիպ հարցերի քննարկմանն էր նվիրված այսօր Գլենդելի Գրական Շահազիզ միությունում կայացած հանդիպումը:

Հանդիպման գլխավոր խնդիրն էր ներկաների հետ քննարկման արդյունքում պարզել, թե ինչու այսօր երիտասարդ գրողներին չի գրավում մանկական աշխարհն ու նրանք հետաքրքրված չեն մանկագրության ժանրով:

Քննարկման ընթացքում ներկաների մեծ մասը փաստեց, որ մանկագիրների սերունդն այսօր ծերացել է, գրեթե չկան երիտասարդ, նոր սերնդի մանկագիրներ:

Մանկական գրականության “թիրախ” պետք է լինի մանուկը, ոչ թե մեծահասակը, հետևաբար գրողն անպայման պետք է ծանոթ լինի մանկական հոգեբանությանը:

Ներկայացվեցին ժամանակակից մանկագիրների մի քանի պատմություններ, որոնց հիմքում ընկած էին վաղուց հայտնի պատումների սյուժեներ, կամ դրանք կրում էին խիստ անձնականացված բնույթ:

Քննարկումների արդյունքում ներկաները հանգեցին այն համոզմունքին, որ մանկական գրականության հանդեպ եկած անտարբերության հիմքը գալիս է մշակույթի հանդեպ ընդհանուր անտարբերությունից:

Առաջ քաշվեցին գլոբալիզացիայի, հեքիաթի քաղաքականացման, արժեքների ընկալումների և փոխհարաբերությունների փոփոխության հարցերը, որոնք էականորեն ազդում են արդի մանկական ստեղծագործությունների և դրանց “սպառման” վրա:

Տխուր է փաստել, որ գրական աշխարհում այլևս չեն համընկնում ընթերցողի ու հեղինակի ճաշակն ու հետաքրքրությունները. մանուկների աշխարհն այսօր էականորեն տարբերվում է գրողների պատկերացումներից /խնդիրն ավելի է բարդանում սերնդային մեծ տարբերության պարագայում. գրողների մեծ մասը 60-ն անց են/:

Օտարերկյա մշակույթի մասին խոսելիս նշեցին նաև մեկ այլ անխուսափելի փաստ` իրականություն, որտեղ նորագույն տեխնոլոգիաները` համակարգիչն ու համացանցն են ձևավորում ճաշակը:

Խոսելով համաշխարհային մշակույթի մասին` կարծիքներ հնչեցին, որ մանկական գրականության մեջ այսօր չկա դրական հերոսի կերպարը, իսկ երեխաներին այն անհրաժեշտ է` դրական արժեքներ ձևավորելու համար: Փոխարենը հաճախակի կարելի է տեսնել ամերիկյան մուլտֆիլմերի դաժան, վախեցնող, սեքսուալ հերոսներին, ովքեր ցուցադրում են ոչ մանկական հոգեբանությամբ տեսարաններ և մանկական անեղծ աշխարհը լցնում մարդկային ազնվագույն հատկություններից զուրկ կերպարներով:

Անդրադարձ եղավ մի քանի ժամանակակից մանկագիրների, որոնց գեղարվեստական մակարդակը ոչ միայն չի նպաստում երեխայի մոտ դրական ներաշխարհի ձևավորմանը, այլև աղավաղում է և անճաշակություն սերմանում նոր-նոր ձևավորվող աշխարհայացքում:

Պարտադիր չէ, որ երեխաների համար ստեղծված գործերը իրական պատմություններ լինեն, սակայն շատ կարևոր է, որ դրանք իրենց սիմվոլներով կարողանան ձևավորել ու պահպանել մանուկների մեջ բարու և գեղեցիկի արժեքները:

Նման հանդիպումները կարևոր են ոչ միայն առկա իրավիճակի քննարկման, հուզող հարցերին անդրադառնալու տեսանկյունից, այլ նաև քննարկումների արդյունքում կարող են մշակվել նոր մոտեցումներ, նոր քայլեր, թեկուզ և փոքր ներդրումներ առաջադրված խնդիրները լուծելու համար:

Զառա Ղազարյան