Արմեն Սարգսյանն ընտրվեց ՀՀ Նախագահ. 90 կողմ, 10 դեմ

ԱԺ–ն ՀՀ 4–րդ նախագահի պաշտոնում ընտրեց Արմեն Սարգսյանին։

Հանրապետության նախագահի ընտրության քվեարկության արդյունքներն ամփոփեց ՀՀ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը: Ըստ նրա՝ 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 101-ը, անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ, 90 պատգամավոր կողմ է քվեարկել, իսկ 10-ը՝ դեմ:

Նախագահ Արմեն Սարգսյանի ընտրությունը ԱԺ-ն ողջունեց ծափերով:

ՀՀ 4–րդ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանն առաջադրվել էր «Հայաստանի հանրապետական կուսակցություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների կողմից։

Ընտրությունից հետո Արմեն Սարգսյանը հանդես եկավ ելույթով՝ շնորհակալություն հայտնելով ԱԺ-ի բոլոր պատգամավորներին, թե՛ կողմ, թե՛ դեմ քվեարկելու համար:

«Շնորհակալ եմ բոլորիդ՝ մեր երկրում տեղի ունեցող կարևորագույն փոփոխությունների գործընթացում՝ Սահմանադրության անցնելու գործում ձեր կարևոր ներդրման համար»,-ասաց նա:

Արմեն Սարգսյանը նշեց, որ իր երկար տարիների փորձառությունը, գիտելիքը, ողջ եռանդը կներդնի ՀՀ նախագահի պարտականությունները լիովին կատարելու և լիովին ծառայելու ՀՀ-ին, ՀՀ քաղաքացիներին և ողջ ժողովրդին:

«Ակնկալում եմ ձեր աջակցությունն ու մասնակցությունը, ինչպես նաև մեր բոլոր քաղաքացիների աջակցությունը՝ մեր ապագա բոլոր հաղթանակների կերտման համար՝ ողջ ժողովրդին՝ Արցախ, Հայաստան-Սփյուռք»,-ասաց նա:

Նշենք, որ 2018 թվականի փետրվարի 28-ին` ժամը 18:00-ին, լրացել է Հանրապետության նախագահի առաջադրման ժամկետը:

Հիշեցնենք, որ 2018 թվականի փետրվարի 28-ին` ժամը 18:00-ին, լրացել էր Հանրապետության նախագահի թեկնածուի առաջադրման ժամկետը:

Երեկ Արմեն Սարգսյանը հանդես գալով եզրափակիչ ելույթով՝ խոստացավ, որ կոալիցիոն գործընկերների  մաղթանքները, կարդարացնի իր աշխատանքով:

«Ընտրվելու դեպքում իսկապես ամեն ինչ կանեմ, որ լինեմ ձեր բոլորի պատկերացրած նախագահը, ազնվորեն ծառայեմ և իմ՝ համեստ իմաստով փորձառությունը, եռանդը և նվիրվածությունը բերեմ մեր այս մեծ պետությանը, որովհետև իմ համար այս փոքրիկ հայրենիքը մեծ պետություն է, նրա բարգավաճմանը և մեր ժողովրդի հաջողություններին»,- հայտարարեց Արմեն Սարգսյանը:

Կենսագրություն

Արմեն Սարգսյանը ծնվել է 1953 թվականի հունիսի 23-ին, Երևանում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Սովորել է Երևանի պետական համալսարանի տեսական ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետում: 1976-1984 թթ. դասավանդել է Երևանի պետական համալսարանում, հիմնադրել է ԵՊՀ տեսական ֆիզիկայի Կոմպլեքս համակարգերի համակարգչային մոդելավորման բաժինը: Դասավանդել է նաև Քեմբրիջի համալսարանում, Լոնդոնի համալսարանի Մաթեմատիկայի ինստիտուտում:

1991-1995-ին զբաղեցրել է Միացյալ Թագավարությունում ՀՀ դեսպանի պաշտոնը: 1995-1996-ին ԵՄ-ում ՀՀ Առաքելության ղեկավարն է եղել: 1996-1997-ին ստանձնել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը:

1998-1999 թթ. վերանշանակվել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանի պաշտոնում: 2013թ. սեպտեմբերին Արմեն Սարգսյանը երրորդ անգամ ստանձնել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանի պաշտոնը:

2000 թվականից Eurasia House International կազմակերպության հիմնադիր նախագահն է: 2001-2011 Քեմբրիջի համալսարանի Ջաջ բիզնես դպրոցում Եվրասիական կենտրոնի հիմնադիրն ու տնօրենը:

Ամենամյա Եվրասիական մեդիա ֆորումի (Astana) (2002), Քեմբրիջի համալսարանում Տարեկան ազդեցիկ կոնֆերանսի (2003) հիմնադրիրն է: 2001-2013 թվականներին British Petrolium, Alcatel, Telefonica ընկերությունների գլխավոր խորհրդատուն է եղել, Բանկ օֆ Ամերիկա Մերիլ Լինչի և այլ միջազգային ընկերությունների ավագ խորհրդատու:

Պատվավոր և գործադիր պաշտոններ է զբաղեցնում մի շարք կառույցներում: Էներգետիկ անվտանգության գլոբալ խորհրդի նախագահն է (WEFForum), Արևելք-Արևմուտք ինստիտուտի (EWI) փոխնախագահը, Եվրոատլանտյան անվտանգության նախաձեռնության հանձնաժողովի համանախագահը (Էներգետիկ անվտանգության նախագահ), Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի հիմնադիր նախագահը, Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի (GLF) խորհրդի անդամը, Հարվարդի համալսարանի Քենեդու կառավարման դպրոցի խորհրդի անդամը, Չիկագոյի համալսարանի հանրային քաղաքականության ուսումնասիրությունների Հարրիսի դպրոցի խորհրդի անդամը, Ջոն Սմիթ Հիմնադրամի հոգաբարձու է,  Միջազգային տնտեսական ալիանսի համաշխարհային առաջնորդության խորհրդի անդամ, պատվավոր ավագ հետազոտող մաթեմատիկական գիտությունների դպրոցում, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր է:

Պարգևատրվել է Սուրբ Գրիգոր Մեծ պարգև Նորին Սրբություն Հովհաննես Պողոս Երկրորդ պապից, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մեդալ Ամենայն Հայոց կաթողիկոս Նորին Սրբություն Գարեգին Երկրորդից:

Հեղինակ է բազմաթիվ ակադեմիական հոդվածների և հրապարակումների տեսական ֆիզիկայի, աստղաֆիզիկայի, համակարգչային մոդելավորման, քաղաքագիտության և անցումային տնտեսության ոլորտներում։

Ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։

Աղբյուրը՝ tert.am