Ամերիկացիների մոտ 50 %-ը շաքարախտ ունեն
Ըստ գիտնականների ներկայացրած զեկույցների` ամերիկացիների մոտավորապես կեսը ունեն շաքարախտ /դիաբետ/ կամ նախա-շաքարախտ: Այս դաշտի փորձագետները սա համարում են լավ նորություն, որովհետև վերջին 2 տասնամյակներում շաքարախտ հիվանդության տարածումն անընդհատ աճում էր, իսկ այժմ, ըստ այդ ցուցանիշների, այդ աճը կանգ է առել:
Շաբաթվա սկզբին JAMA-ում հրապարակված փաստաթղթերից մեկում հեղինակները, ներկայացնելով իրենց ուսումնասիրության արդյունքները, որը ներառում է տվյալներ մինչև 2012թ., ասում են, որ իրենց հետազոտության արդյունքները համապատասխանում են այլ հետազոտությունների տվյալների, որոնք փաստում են, որ շաքարախտով ախտորոշված մարդկանց տոկոսը մնում է կայուն 2008-ից 2012թ.:
“Թեև գիրությունը և շաքարախտը մնում են հիմնական կլինիկական և հանրային առողջության հիմնախնդիրները Միացյալ Նահանգներում, վերջին տվյալները հույս են ներշնչում, որ դրանք զիջում են իրենց տեղերը”,- հոդվածին կցված փաստաթղթում ասել են Միչիգանի համալսարանի ներկայացուցիչներ Ուիլյամ Հերմանը և Էմի Ռոթբերգը:
Չնայած վերջիններս ընդգրկված չեն եղել ուսումնասիրության գործընթացում, այնուամենայնիվ նշել են, որ այդ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պետք է մշակվեն և ներդրվեն սննդի, սնուցման և ֆիզիկական ակտիվության քաղաքականություններ, որոնք պիտի կանոնակարգվեն դաշնային, նահանգային և տեղական կառավարման մարմինների կողմից:
“Առաջընթաց կա, բայց այն կայուն պահելու և զարգացնելու համար ջանքեր են պետք”,- գրել են նրանք:
Ուսումնասիրության հիմքում եղել են Ազգային առողջապահության և Սնուցման հետազոտման հարցաթերթիկներով հավաքագրված տվյալները:
Հետազոտողները զեկուցել են, որ 2011-2012 թթ, ամերկայի բնակիչների 12%-14% ունեցել են ախտորոշված շաքարախտ: Տվյալները տատանվում են` կախված նրանից թե ինչ մեթոդով են ախտորոշվել: Այս թիվը կայուն է սկսած 2008-ից:
Հետազոող թիմը նշել է նաև, որ մարդկանց թիվը, ովքեր ունեն շաքարախտ, բայց տեղյակ չեն այդ մասին 1993-1994 թթ. 40,3%ից 2011-2012թթ նվազել է մինչև 31%:
Այդ նվազումը, ցավոք սրտի, չի նկատվում բոլոր էթնիկ խմբերի մոտ:
Մեքսիկ-ամերիկացիների համամասնությունը, ովքեր ախտորոշված չեն եղել,սակայն ունեցել են խնդիր, ավելի բարձր է, քան “սպիտակ”-ամերիկացիներինը և այդ տոկոսային հարաբերակցությունը չի նվազում երկար ժամանակ: Հեղինակների կարծիքով այս երևույթը բացատրվում է նրանով, որ մեքսիկ-ամերիկացիների մեջ շատ են բժշկական ապահովագրություն չունեցողները, հետևաբար նրանց քիչ տոկոսին են հասանելի բժշկական ծառայությունները:
Ըստ հեղինակների` ասիացիների մեջ ավելի մեծ է հավանականությունը չախտորոշված շաքարախտ ունենալու, քան այլ էթնիկ խմբերի:
Նախա-շաքարախտ ունեցող մարդկանց թիվը աճել է: Նախկին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 1990-2002թթ, այն առկա է եղել բնակչության 29 %-ի մոտ, մինչդեռ 2007-2010թթ. հասել է 36%-ի, իսկ 2011-2012թթ` 37%-38%-ի:
Այս և ուսումնասիրության մեջ առկա մյուս թվերի ամբողջացմամբ ստացվել է, որ 2011-2012թթ ընդհանուր առմամբ Միացյալ Նահանգների բնակչության 48%-ից 52%-ը ունեն շաքարախտ կամ նախա-շաքարախտ:
Ա.Ս.
Աղբյուրը` Los Angeles Times