Սանկտ Պետերբուրգում թոշակառուներին Մարտի 8-ի առթիվ սփիներներ են բաժանել

Սանկտ Պետերբուրգ քաղաքի Կուպչինո շրջանի իշխանությունները Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ թոշակառումներին ներկայում լայն տարածում գտած խաղալիքներ՝ սփիներներ են բաժանել:

Ինչպես հայտնում է korrespondent.net-ը, նվերները բաժանվել են Մարտի 8-ի կապակցությամբ կազմակերպված համերգի ժամանակ:

Չինովնիկների կարծիքով՝ սփիներները կօգնեն թոշակառուներին հաղթահարել սթրեսը:

Շրջանի ղեկավարը բացատրել է տարեց կանանց՝ ինչպես վարվել նոր խաղալիքի հետ: Բացի այդ, համերգի ժամանակ կազմակերպվել է սփիներների պտտման մրցույթ:

«Հուսով եմ, որ այս նվերը ձեզ կուրախացնի: Այն շատ լավ հանում է սթրեսը: Գիտեմ, որ ձեզնից յուրաքանչյուրը թոռներ ունի: Վստահ եմ, որ սփիները հնարավորություն կտա բարելավել շփումը երիտասարդ սերնդի հետ: Չէ՞ որ հիմա դուք «թրենդի մեջ» կլինեք»,-նշել  է պաշտոնյան:

Աղբյուրը՝ tert.am