Նախկին պոռնոաստղը դատի է տվել Թրամփին

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ կրքերը չեն հանդարտվում, գրում է nbcnews.com-ը՝ մանրամասնելով, որ նրա դեմ դատական հայց է ներկայացրել նախկին պոռնոաստղ Սթորմի Դենիելսը:

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել առ այն, որ 2016թ. կայացած նախագահական ընտրություններից առաջ Թրամփի փաստաբանը նախկին պոռնոաստղին 130.000 դոլար է վճարել, որպեսզի կինը լռի տարիներ առաջ իր ու Թրամփի միջև եղած կապի մասին:

Այժմ Դենիելսը քաղաքացիական հայց է ներկայացրել Լոս Անջելեսի բարձրագույն դատարան՝ պնդելով, որ ինքը չի ստորագրել Թրամփի փաստաբանի՝ ղեկավարի հետ ունեցած ինտիմ կապի վերաբերյալ տեղեկությունը չհրապարակելու մասին համաձայնագիրը:

Դենիելսի խոսքով՝ համաձայնագիրն օրենքի ուժ չունի, քանի որ դրանում իր և Թրամփի ստորագրությունները չկան:

Նշվում է, որ Սպիտակ տունը չի մեկնաբանել տեղեկությունը:

Մինչդեռ ինքը՝ Թրամփը, ավելի վաղ հերքել էր Դենիելսի հետ կապը: Սակայն պոռնոաստղն ավելի վաղ տված հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ 2006-2007թթ. ինտիմ կապի մեջ է եղել ապագա նախագահի հետ, որն այդ ժամանակ արդեն ամուսնացած էր Մելանյա Թրամփի հետ:

Աղբյուրը՝ tert.am