Սեյրան Օհանյանը տիկնոջ հետ այցելել է հայրենիքի պաշտպանության համար ընկած մեր նորօրյա հերոսների ընտանիքներին

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, շնորհավորելով Ամանորի առթիվ և ջերմ բարեմաղթանքներ հղելով բոլորին, ասաց.

Հունվարի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ տիկնոջ՝ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացայի» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանի ուղեկցությամբ այցելեց հայրենիքի պաշտպանության համար ընկած մեր նորօրյա հերոսներ Արմեն Հովհաննիսյանի, Ազատ Ասոյանի, Արթուր Առաքելյանի և հրաշքով ողջ մնացած Սարգիս Ստեփանյանի ընտանիքներին: Այցը նպատակային էր. բոլոր ընտանիքներում նորածին մանկան ճիչը նոր կյանքի սկիզբ էր ավետելու: Արմեն Հովհաննիսյանի ընտանիքում – Երբ մի տեղ կյանքը ընդհատվում է, ապա շարունակությունը չի ուշանում: Այն օրը, երբ մենք հրաժեշտ տվեցինք Արմենին, կրտսեր դուստրս՝ Արմենուհին, ասաց, որ ինքը պիտի որդի ունենա, որ Արմենի երկրային կյանքը իր որդու մեջ շարունակվի,- ասաց Արմենի մայրը:- Եվ այսօր արդեն մենք ժամերն ենք հաշվում ենք, երբ նորածին բալիկը լույս աշխարհ է գալու. փոքրիկը ծնվելու է հունվարի 19-20-ին, ճիշտ այն օրերին, երբ… հերոսացավ որդիս: – Ամեն օր բազմաթիվ դպրոցականներ, երիտասարդներ այցելում են Արմենիս,- անօրինակ հպարտութամբ պատմեց հերոսի հայրը,- հավատացեք, նրա սենյակից երեխաները դուրս են գալիս ավելի զորացած՝ ոգով, գաղափարապես: Նրանց աչքերում բազմապատկվում է կրակը, եռանդը, նրանց հարցերի ու պատասխանների մեջ ցասում կա, վրեժ… Համոզված եմ, նրանք էլ մեր ազգին՝ իրենց նախնիների փառքին արժանի զինվորներ են դառնալու: Ազատ Ասոյանի ընտանիքում Եթե Արմենենց տանը դեռ սպասում են փոքրիկի լույս աշխարհ գալուն, ապա Ազատ Ասոյանի եղբարը՝ Նարեկը, նախարարին դիմավորեց Ձմեռ պապի կարմիր գլխարկը գլխին: – Երկու որդիներս՝ Ազատը և Սարոն, ծնվել են նույն օրը՝ հուլիսի 26-ին, 3 տարվա տարբերությամբ,- պատմեց Ազատի մայրը:- Բժիշկները Նարեկի ծնունդը նույնպես այդ օրերին էին նախանշել, սակայն նա լույս աշխարհ եկավ հուլիսի 7-ին՝ անսահման ուրախություն, բերկրանք պարգևելով մեզ: Ես իրավունք չունեի ցավին, հուսահատությանը տրվելու, ես հպարտ էի՝ չէ՞ որ հենց ես էի Ազատին սովորեցրել պատրաստ լինել զոհաբերվելու՝ հանուն ընկերոջ, հանուն հայրենիքի: Այլ կերպ չի կարող ոչ մի հայ մայր, Նարեկիս էլ նույն ոգով եմ դաստիարակելու: Արթուր Առաքելյանի ընտանիքում Արթուրի մայրը՝ Սաթենիկ Առաքելյանը, հողին հանձնելով իր միակ որդուն, շուտով դարձյալ կմայրանա: – Երբ Արթուրը փոքր էր, Ամանորին հարցնում էինք՝ ի՞նչ նվեր կուզես: Քույրիկ կամ ապերիկ՝ պատասխանում էր նա: 19 տարի «պայքարում էինք» Արթուրին քույր կամ եղբայր պարգևելու համար… և այսօր կրկին ապրում եմ մայրանալու բերկրանքը: Որոշել եմ նրան Արեգ անվանել (ես երբեք Արթուրիս անունով չեմ դիմել, նրան Արևս, Արեգ էի ասում): – Իսկ Արեգին քույր կամ եղբայր պարգևելո՞ւ եք: – Իհարկե, երազում եմ… Առանց Արեգի իմ կյանքը ի՞նչ իմաստ կունենար… Գիտեք՝ այսօր հարազատներս, անծանոթ քաղաքացիները ինձ հաճախ հարցնում են՝ երբ Ձեր որդին մեծանա, նրան կուղարկե՞ք բանակ… Իհարկե այո՝ պատասխանում եմ ամեն անգամ. ով, եթե ոչ իմ որդին կամ ձեր: Կարծում եմ, յուրաքանչյուր հայ մայր պետք է հոգեպես կրի զինվորի մայր լինելու կոչումը և պատվով ծառայի այդ առաքելությանը: Մայոր Սարգիս Ստեփանյանի տանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, Ռուզաննա Խաչատրյանը հյուրընկալվեցին նաև Սարգիս Ստեփանյանի տանը: Այստեղ նույնպես տոնական, բարձր տրամադրություն էր: Սարգիս Ստեփանյանը, ուրախությամբ և հուզմունքով դիմավորելով նախարարին, ասաց. – Այս տարի պիտի մասնակցեմ բազկամարտի աշխարհի առաջնությանը, պիտի լավ արդյունք գրանցեմ: Ուզում եմ ռազմական ակադեմիայում շարունակել ուսումս… և բազմաթիվ այլ ծրագրեր, որոնք պետք է անպայման իրագործել: Երբ ինձ հարցնում են՝ ինչպես եմ կարողանում… ես մի պատասխան ունեմ՝ զրկված լինելով մարմնի տարբեր մասերից՝ մարդը ֆիզիկապես կարող է հաշմանդամ լինել, բայց հոգեպես հաշմված լինելու իրավունք չունի, ու նաև ավելացնում եմ, որ սա իմ հրամանատարի՝ մեր նախարարի բանաձևն է: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, շնորհավորելով Ամանորի առթիվ և ջերմ բարեմաղթանքներ հղելով բոլորին, ասաց. – Մեզ սխալվելու իրավունքից զրկել են այն քաջերը, որոնք հերոսաբար զոհվեցին հանուն հայրենիքի, անմահացան՝ ձուլվելով հավերժին: Հերոսներ են նաև հայ առյուծասիրտ մայրերը: Մեր հայրենիքը մոր կրծքից, սիրուց և որդիների թափված արյունից է սկսվում: Սեր և նվիրում դեպի հայրենիքը ներշնչում և ուսուցանում են հայրենասեր մայրերը: Ազգի հավերժությունը անձնուրաց մայրերն են կերտում, որոնք ընդունելով իրենց որդիների զոհաբերումը, անկոտրում կամքով դիմակայում են փորձություններին: Իրոք որ «մայրերի ափերի մեջ պետք է փնտրել ազգի ճակատագիրը»: Այսօր մեր ազգի փրկությունը օրորոցային վրեժի մեջ է: Նորածին մանուկների զիլ, առողջ ճիչով մենք կհաղթենք մահին: Շնորհավոր Ամանոր, Հերո՛ս:

Նյութի աղբյուրը` YN.am