ԱՄՆ–ում մահացած 16–ամյա հայուհու մարմինը Հայաստան կտեղափոխեն մոտ 20 օրից

Ուսանողների փոխանակման ծրագրով Հայաստանից ԱՄՆ մեկնած  եւ օրերս վթարից մահացած 16-ամյա Լիլիթ Գեւորգյանի եղբայրը՝ Ռաֆայելը, այսօր մեկնելու է ԱՄՆ՝ քրոջ մարմինը բերելու:

NEWS.am-ի հետ զրույցում Լիլիթ Գեւորգյանի հարեւաններն ասացին, որ Լիլիթին ԱՄՆ-ից Հայաստան կտեղափոխեն, ամենայն հավանականությամբ, 20 օրից, եւ կհուղարկավորեն Արմավիրում:

Նշենք, որ Լիլիթ Գեւորգյանը Արմավիրի մարզի Արմավիր քաղաքից էր, ընտանիքի կրտսեր զավակը, քույրն ու եղբայրն ամուսնացած են:

Լիլիթը սովորում էր քաղաքի թիվ 1 ավագ դպրոցում, գերազանց առաջադիմությամբ: Նա ԱՄՆ էր մեկնել մոտ 10 օր առաջ, մեկ տարի պետք է ապրեր եւ սովորեր այնտեղ:

Լիլիթ Գեւորգյանը  մահացել է Թեքսասում ավտովթարից: Վթարի պահին 16-ամյա Լիլիթ Գեւորգյանը եղել է կվադրոցիկլի ղեկին։ Ենթադրվում է, որ աղջիկը բլրի վրա կորցրել է մեքենայի կառավարումը:Ավելի ուշ նա մահացել է հիվանդանոցում: