Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշեց, որ դեռ հարցեր կան, որոնց պատասխանները ունենալուց հետո միայն կսկսեն քննարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպումը: Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպումից առաջ Արմեն Գրիգորյանը նշել էր, որ եթե հանդիպումը անցնի կառուցողական մթնոլորտում, դրան կհաջորդի Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։ Լրագրողի հարցին, թե այդ հանդիպումից հետո արդյոք նախատեսվում է Նիկոլ Փաշինյան- Իլհամ Ալիև հանդիպումը, Գրիգորյանը պատասխանեց․
«Հարցեր կան, որոնց պատասխաններից հետո միայն մենք կսկսենք քննարկել երկրի ղեկավարների հնարավոր հանդիպումը: Մենք դեռ քննարկումները շարունակում ենք: Եվ երբ քննարկումները ինչ-որ փուլի հասնեն և նախանշվի հնարավոր հանդիպումը, ապա հրապարակային դրա մասին հայտարարություն կլինի»,- ասաց Գրիգորյանը։
Մայիսի 2-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելում հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ: