«Ժամանակ առ ժամանակ այդ թեման ծագում է, որ կառավարությունը չի բացահայտում, թե ինչպես է դարձել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր: Ոմանք նույնիսկ ասում են՝ կասկածելի գործարք, կոռուպցիոն գործարք»,-գործադիրի նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 25% բաժնեմասը ՀՀ կառավարությանն անցնելու փաստին:
Նրա խոսքով՝ եթե որևէ իշխանավոր, կամ իշխանավորի հորեղբոր տղա օֆշորային գործարքով այդ սեփականության տերը դառնար, ոչ մեկը չէր անհանգստանա, ինչպես միշտ է եղել, բայց որ պետությունը գույք է ձեռք բերել՝ բոլորին կասկածելի է թվում:
«Ի՞նչն է կասկածելի, ներդրողը, որը հին բաժնետերերից ձեռք է բերել բաժնեմաս, որոշել է ՀՀ-ին նվիրատվություն անել, կառավարությունն էլ շնորհակալությամբ ընդունել է այդ նվիրատվությունը: Ինչո՞ւ է ներդրողը որոշել նվիրատվություն անել՝ մի շատ պարզ պատճառով, որովհետև նախկինում մենք ասել ենք, որ այստեղ մեկ գործարք չէ: Մենք նկատի ունենք մոտ 4 մլրդ դոլարի ներդրումային ծրագիրը, որի շրջանակներում առանց պետության մասնակցության այդ ծրագիրն ուղղակի չի կարող իրականություն դառնալ»,-հայտարարեց Փաշինյանը և նշեց, որ նկատի ունի պղնձաձուլարանի և նոր ատոմակայանի կառուցման նախագծերը: