ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է միայն այն պատճառով, որպեսզի թույլ տա մեկ այլ ցեղասպանության շարունակությունը: Նման կարծիք է հայտնել հասարակայնության հետ կապերի հարցով մասնագետ Ստեֆան Պեչդիմալջին, որի հոդվածը հրապարակվել է ամերիկյան Newsweek ամսագրում:
«Պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ նախագահ Բայդենը կատարել է ավելի քան 1.5 մլն հայերի, ասորիների ու հույների զանգվածային կոտորածների համար Թուրքիային պատասխանատվության ենթարկելու իր նախընտրական խոստումը: Մինչ ամերիկահայերը ողջունում էին այդ պատմական եւ վաղուց հասունացած հայտարարոթյունը, նրա մտադրությունների ոգին երկար չտեւեց, քանի որ մինչ թանաքը կչորանար, նախագահ Բայդենը որոշում էր կայացրել, որը լայնամասշտաբ հետեւանքներ է ունեցել եւ հայերի կյանքեր արժեցել: Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց մի քանի օր անց նա հրաժարվել էր 907 բանաձեւից (Ազատության աջակցման ակտ), որով արգելվում էր արտասահմանյան օգնությունն Ադրբեջանին, ինչն էլ նախորդել էր տեղի ունեցած իրադարձություններին: Բազմաթիվ առումներով Բայդենը Ցեղասպանությունը ճանաչել է միայն նրա համար, որ թույլ տա մեկ այլ ցեղասպանության շարունակությունը»,- ասվում է հոդվածում:
Հոդվածագրի խոսքով՝ իրապես հասկանալու համար, թե ինչու են ամերիկահայերը վիրավորված նախագահ Բայդենից՝ չնայած նրա պատմական հայտարարությանը, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել 2020 թ. Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո Ադրբեջանի եւ Հայաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերություններում տիրող անհավասարությանը:
Ամերիկահայերի համար 2020 թ. Ղարաբաղյան պատերազմը վառ հիշեցում է դարձել Ցեղասպանության եւ այն բանի մասին, թե ինչպես է աշխարհը շարունակում աչք փակել հայերի տառապանքներին: Թուրքիայի օգնությամբ՝ Ադրբեջանն իր անարդար պատերազմն էր սկսել՝ փորձելով բնաջնջել Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին:
Խախտելով սովորական սպառազինման բոլոր կանոնները՝ Ադրբեջանը բալիստիկ հրթիռներով եւ միջազգային հանրության կողմից արգելված կասետային ռումբերով հրթիռակոծել է Ստեփանակերտի բնակավայրերն ու ծննդատունը»,- ասվում է հոդվածում:
Հոդվածի հեղինակը հիշեցնում է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը քաղաքացիական բնակչության գտնվելու շրջանում նաեւ զանգվածային ոչնչացման զենք է կիրառել, որը թունավոր նյութեր է պարունակում, այդ թվում՝ սպիտակ ֆոսֆոր, ինչը միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում է:
«Չնայած այդ վայրագություններին, որոնք ներկայացվել են ամենուր, նախագահ Բայդենը ոչինչ չարեց: Համենայն դեպս, նա կրկնապատկել էր իր անհոգությունը, երբ գործը հասել էր Ադրբեջանի ռազմական հանցագործություններին՝ կոչ անելով 2023 ֆինանսական տարում Սպիտակ տան բյուջեից 164 մլն դոլար հատկացնել Բաքվին ռազմական օգնության տեսքով, միեւնույն ժամանակ առաջարկելով 47 տոկոսով ( $24 մլն) կրճատել Հայաստանին հատկացվող ռազմական օգնությունը՝ չնշելով անգամ Արցախի անունը:
Նախագահի համար, որն իշխանության է եկել՝ հայտարարելով, որ մարդու իրավունքները կենտրոնական տեղ են զբաղեցնելու արտաքին քաղաքականության հարցում, այդ վերջին բյուջետային առաջարկը հակասում է հայտարարված նպատակներին: Եկեք նայենք փաստերին: Human Rights Watch-ն Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը «սարսափազդու» է անվանել 2019թ., իսկ 2020 թ. հակամարտության ժամանակ Ադրբեջանին մեղադրել է հայ ռազմագերիներին խոշտանգելու մեջ»,- գրել է հոդվածի հեղինակը:
Վերջինս կարծիք է հայտնել, որ Բայդենը դեռեւս ժամանակ ունի Ադրբեջանի եւ նրա նավթաբռնապետի նկատմամբ իր քաղաքականությունը փոխելու համար. «Եթե Բայդենն իսկապես ցանկանում է հարգել Հայոց ցեղասպանութան զոհերի հիշատակը եւ կանխել նման վայրագության կրկնությունը, ապա կանի այն, ինչ ճիշտ է եւ կաջակցի 907 բանաձևին։