ՊՊԾ պետի կողմից լրագրողների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ հաղորդումը քննչական կոմիտեն ստացել է

ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի կողմից խաղաղ անհնազանդության ակցիաները լուսաբանող լրագրողի և օպերատորի մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու, նրանց նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ գլխավոր դատախազության հաղորդումը քննչական կոմիտեն ստացել է։

«Հայցվող հարցադրման վերաբերյալ հաղորդումը ՀՀ դատախազությունից ստացվել է։ Հաղորդման կապակցությամբ նախապատրատվում են նյութեր»,-հայտնեցին  Քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը, որն աչքի է ընկնում ակցիաների ժամանակ հավաքի մասնակիցներին քացի տալու սովորությամբ,  մայիսի 2-ին անհնազադանդության խաղաղ ակցիաների ընթացքում Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում խոչընդոտել էր ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքը, սպառնալիք հնչեցրել ակցիայի մասնակիցներից մեկի նկատմամբ։

Լրագրողական կազմակերպությունները տարածած հայտարարությամբ պահանջել են ծառայողական քննություն նախաձեռնել և պատասխանատվության ենթարկել ՊՊԾ-ի պետ Սարգիս Հովհաննիսյանին և իրենց լիազորությունները գերազանցած նրա ենթականերին։

Ժուռնալիստների միությունը Նիկոլ Փաշինյանից պահանջել է պատասխանատվության ենթարկել ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանին։

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել է՝ Սարգիս Հովհաննիսյանի արածն օրենքի կոպիտ խախտում է։

«Դուք դրա իրավունքը չունեք: Վերջ: Չհամարձակվե´ք մյուս անգամ բռնություն գործադրել մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողների նկատմամբ կամ խոչընդոտել նրանց աշխատանքը՝ այն էլ նման արհամարհական պահվածքով»,-նշել է նա։

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հայտարարել է. «ՀՀ գլխավոր դատախազությունը պետք է իր քայլն անի՝ համապատասխան գործերի հարուցմամբ արձագանքելով ոստիկանական ակնհայտորեն ապօրինի գործողություններին, ինչպես նաև ՊՊԾ պետի և աշխատակցի գործողություններին տալով քրեաիրավական գնահատական։  Այս օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների՝ ոստիկանական բռնի գործողությունների, մարդու իրավունքների կոպիտ խախտումների կապակցությամբ դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին, համապատասխան գրություններ եմ ուղարկել միջազգային կառույցներին»։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր Դանիել Իոաննիսյանն էլ տեղեկացրել է, որ այս դեպքով «Իրազեկ քաղաքացիների միավորումում» հանցագործության մասին հաղորդում են պատրաստում, կուղարկեն  դատախազություն:
«Հույս ունեմ, որ որևէ մեկը չի հորինի, որ լրագրող ծեծելը ևս ինչ որ «պրատակոլով» է (ինչպես հորինում էին մարդ վրաերթելուց հետո չկանգնելն արդարացնելիս)»,-նշել էր նա։

Ի դեպ, Սարգիս Հովհաննիսյանի կողմից կիրառած բռնությունը, սպառնալիքը բուռն քննադատության արժանացավ սոցցանցերում։ Օգտատերերից մեկն օրինակ առաջարկել էր, եթե Սարգիս Հովհաննիսյանը քացի տալու սովորություն ունի, ապա պետք է կապել հետևի ոտքերը։