Ահազանգ. Դանակով զինված աղջիկը հարձակվել է զոհված Դավիթ Առուշանյանի մոր՝ տիկին Լիդայի վրա

«Դանակով զինված ինչ որ լակոտ՝ 9-րդ դասարանի աղջիկ հարձակվել է Արցախի հերոս Առուշանյան Դավիթի մոր՝ տիկին Լիդայի վրա»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում ահազանգեց Արամ Գևորգյանը։

Նա մանրամասնեց, որ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 23-ի երեկոյան՝ 19։40-ի սահմաններում 5-րդ Մասիվում։ Ըստ պատմածի, տարածքի շենքերից մեկում ապրում են Արցախից տեղահանված բնակիչներ։ Տուն վերադառնալիս տիկին Լիդան լսում է խոսակցություն՝ թե պետք է «բոլորին հանել ռադ անել այստեղից», հնչում են նաև հայհոյանքներ արցախցիների հասցեին։

Տիկին Լիդան միջամտում է խոսակցությանը. «Աղջիկ ջան, այդպես պետք չէ խոսել, իրենք տուն էլ են ունեցել, տեղ էլ են ունեցել»։Այդ խոսքերից հետո աղջիկը հանում է մեծ, սպիտակ պոչով դանակն ու հարձակվում տիկին Լիդայի վրա։

«Այ պառավ, դու ո՞վ ես, որ խոսաս, դու գիտե՞ս՝ իմ հերն ով է։ Քեզ կտոր-կտոր կանեմ, տնեցիքիդ կտոր-կտոր կանեմ։ 30 մետր այդ կինը պայուսակը դեմքին պահած հետ-հետ է գնում»,-պատմում է Արամ Գևորգյանը։

Նույն օրը տիկին Լիդան ահազանգում է ոստիկանություն, ցույց է տալիս տեղանքը։

«Ոստիկանությունը երկու օր հետո գնացել է դեպքի հետքերով»,-ասում է Գևորգյանը։

Նրա խոսքով, ոստիկանությունում նախ ասում են՝ բացահայտելը դժվար է, քանի որ տարածքում տեսախցիկներ չկան, ապա խրատներ են սկում կարդալ տարեց կնոջ գլխին՝ «այ տատի ջան, քեզ պե՞տք էր», կարո՞ղ է՝ լավ չի տեսել, դանակ չի եղել։

«Մի խոսքով, հաղորդումը վերցնում են։ Տիկին Լիդան գնում է, պարզում է, որ աղջիկներն Ա. Միկոյանի անվան թիվ 166 դպրոցի աշակերտներ են, որտեղ սովորել է նաև Դավիթ Առուշանյանը, ինչ-որ Էլեն ու Ջեմմա, առաջին անգամ չէ, որ մարդկանց տեռորի են ենթարկում։ Այսօր ոստիկաններն էլ են գնացել դպրոց»,-նշեց նա՝ ավելացնելով, որ գործը լինելու է ուշադրության կենտրոնում, քանի դեռ այդ աղջիկը չի պատժվել։

Ուղիղ եթերի ավարտից րոպեներ անց Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնեց.

«Քիչ առաջ 166 դպրոցի տնօրենի հետ զրուցեցի։ Տիկին Քուշկյանն ասաց, որ ոստիկանությունն արդեն դպրոցում ա, դրանց գտել են, ծնողների հետ քիչ հետո կտեղափոխեն բաժին։

Ինքն էլ շատ վրդովված էր էս դեպքի հետ կապված, պարզապես ի պաշտոնե պարտավորված է զսպվածություն ցուցաբերել որպես տնօրեն։ Ինքը տիկին Լիդային էլ շատ լավ ճանաչում, Դավիթին էլ կարծեմ դաս է տվել։ Մի քանի ամիս առաջ էլ Դավիթին ու դպրոցի անմահացած տղերքին նվիրված մեծ ու գեղեցիկ հուշ-ցերեկույթ էին կազմակերպել։

Դպրոցի հետ ոչ մի խնդիր չկա։ Ինչպես արդեն ասել եմ՝ այդ դպրոցում սովորել է նաև Դավիթը, պարզապես այդ անդաստիարակներին ավելի արագ իդենտիֆիկացնելու համար պետք է նշվեր, թե որ դպրոցի 9-րդ դասարանի սաներ են։ Լրատվականների ընկերներիս էլ կխնդրեմ, որ դրա հետ կապված դպրոցը չթիրախավորվի։

Հավելյալ ինֆորմացիա ունենալու դեպքում էլ տեղյակ կպահեմ, հուսանք ոստիկանությունն էլ հանդես կգա հայտարարությամբ, երբ ամեն ինչ պարզած կլինի»։

Մանրամասները՝ տեսանյութում։