
«Սրբազան Պայքարի» առաջնորդ, կալանավորված Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից նամակ է հղել, որը հրապարակվել է հունիսի 27-ին։
Նամակում Գալստանյանը գրում է, որ, թեև գտնվում է տեղեկատվական շրջափակման պայմաններում, տեղեկություններ է ստանում ինչպես քաղաքական դաշտի, այնպես էլ իր շարժման համակիրների նկատմամբ իրականացվող «հալածանքների և ահաբեկչության» մասին։ Նա հատկապես ցավ է արտահայտում զոհված զինծառայողների ծնողների հանդեպ ճնշումների կապակցությամբ՝ նշելով, որ անազատության մեջ է գտնվում նաև Արա Ռոստոմյանը։
«Դժվար, տառապալից, ամոթալի, խայտառակությամբ լեցուն, բայց հետաքրքիր զարգացումներով օրեր և ժամանակներ ենք ապրում՝ երկունքի օրեր, երբ ի վերջո կծնվի ազատագրումը և կգլորվի չարիքի իշխանությունը», – գրել է նա նամակում։
Գալստանյանը շեշտել է, որ իր ազատազրկումը գիտակցված ընտրություն է՝ հանուն հայրենիքի ազատագրության, և պատրաստ է կրել բոլոր փորձությունները՝ «անպատվությամբ և վախով չապրելու» համար։ Նա նշել է նաև, որ մամուլում հրապարակված տեղեկությունները իր վերաբերյալ ամբողջությամբ «սուտ և կեղծիք» է որակում։
Նամակի վերջում Գալստանյանը հայտնում է, որ տեղեկություն է ստացել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հնարավոր ձերբակալության փորձի մասին, ինչը գնահատում է որպես «Մայր Աթոռի վրա հարձակում»։
«Մայր Աթոռի վրա հարձակումը հարիր է միայն մարդասպան և հոգեսպան ռեժիմին՝ չարի իշխանությանը։ Սա այլևս ամեն ինչի վերջն է և հատկապես չարի վերջը», – նշված է Գալստանյանի ուղերձում։
Գալստանյանը կրկին կոչ է արել իրավապահներին հրաժարվել «չարիքին ծառայելուց»՝ զգուշացնելով, որ իրենց քայլերի համար պատասխանատվություն են կրելու ապագայում։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ձերբակալվել է ավելի վաղ՝ իշխանությունների նկատմամբ զանգվածային քաղաքացիական անհնազանդության կազմակերպման գործի շրջանակում։ Նրա փաստաբանները պնդում են, որ մեղադրանքները քաղաքական բնույթ ունեն։
LosArmNews