
Երեկ՝ հունիսի 11-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ հայկական ալտերնատիվ ռոք խմբի՝ Nemra-ի առաջին մենահամերգը, որը կարելի էր անվանել ոչ սովորական «փարթի»՝ լի երաժշտական էներգիայով, հանդիսատեսի ձայնակցությամբ և խորհրդանշական լիալուսնով:
Լեփ-լեցուն դահլիճը վկայում էր՝ որակյալ երաժշտությունն ունի իր հավատարիմ լսարանը: Համերգը վերածվեց իսկական տոնի, որտեղ հանդիսատեսը գերադասում էր չնստել, այլ կանգնած վայելել ելույթը՝ բեմին մոտ, որպեսզի զգա արտիստների հայացքները, շփումը և անկեղծությունն՝ ուղիղ կապի մեջ լինելու համար:
Nemra-ն ընդգրկել էր իր հիթերից շատերը՝ այդ թվում խորհրդանշական Full Moon երգը, որի կատարման ժամանակ դահլիճից դուրս փայլում էր իրական լիալուսին: Բազմաթիվ երգերի ընթացքում դահլիճը վերածվեց երգող միասնական մարմնի՝ թե՛ անգլալեզու, թե՛ հայալեզու երկրպագուների ակտիվ մասնակցությամբ:
Հատուկ պահ էր End of the Party նոր ձայնասկավառակի շնորհանդեսը: Բեմից առաջին անգամ հնչեց նաև I’m Afraid of Stars դուետը Սերժ Թանկյանի հետ, որի մասնակցությունն ապահովված էր էկրանով: Իսկ «Բացվիր երկինք» երգի ժամանակ բեմին միացավ դերասանուհի և ռեժիսոր Լիլի Էլբակյանը, ով երգը նախկինում կատարել էր Վանի հետ «Երկու աստղ» նախագծի շրջանակում:
Համերգը սկսվեց և ավարտվեց նոր ալբոմի Rock’ n’ Rollers երգով՝ արդեն հանդիսատեսին ծանոթ բառերով:
Եվ վերջում՝ Nemra-ն հրաժեշտ տվեց հանդիսատեսին խոստումով՝ «շուտով կրկին հանդիպելու»:
Այս անչափ հուզիչ և երաժշտականապես հագեցած մենահամերգը կազմակերպվել էր TM Production ընկերության հետ համագործակցությամբ։
LosArmNews