
Մայիսի 3-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Ռուսաստանի առաջարկած եռօրյա հրադադարի մերժմանը հաջորդեց Մոսկվայի կտրուկ և սպառնալիքներով լի արձագանքը։
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Կիևի արձագանքը «երկիմաստ» է, մեղադրեց Ուկրաինայի ղեկավարությանը նեոնացիզմի խթանման և Երկրորդ համաշխարհային պատերազմում Հաղթանակի խորհրդանշական նշանակությունը նսեմացնելու մեջ։ «Այս դիրքորոշումը վկայում է Ուկրաինայի վարչակարգի պատմական արժեհամակարգի խեղաթյուրումն ու քաղաքական նպատակի համար պատմական հիշողության շահագործումը», — նշել է Պեսկովը։
Ավելի սուր տոնով հանդես է եկել ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, ով հայտարարել է․ «Եթե Կիևը որոշի հարձակվել Մոսկվայի վրա մայիսի 9-ի շքերթի ընթացքում, ապա ոչ ոք չի կարող երաշխավորել նրա գոյությունը։»
Այս հայտարարությունները դիտարկվում են որպես ուղղակի սպառնալիք Ուկրաինային՝ հատկապես այն պայմաններում, երբ տարածաշրջանում շարունակում են ակտիվ ռազմական գործողությունները։ Միջազգային դիտորդները մտահոգություն են հայտնում, որ մայիսի 9-ի շուրջ աճող լարվածությունը կարող է վերածվել նոր սադրանքների կամ լայնածավալ գործողությունների։
LosArmNews