Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ Նոր Նորքի 4-րդ զանգվածում. կան վիրավորներ. Porsche Cayenne-ի վրա կրակոցի 18 հետք է եղել

Երեւանում, այսօր` մայիսի 13-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել. ժամը 00։50-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել շտապօգնության բժշկի կողմից, ով հայտնել է, որ կանչով մեկնել է Ա. Հովաննիսյան փողոց, որտեղ 25 տան մոտ հայտնաբերել են արնանման հետքեր։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաները դեպքի վայրում հայտնաբերել են Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենա, որի դիմային հատվածում եղել է 11 կրակոցի, իսկ հետևի մասում՝ 7 կրակոցի հետք։  Հայտնաբերվել է 2 գնդակ, 1 չկրակված փամփուշտ, մոտ 20 հատ 7.65 մմ տրամաչափի պարկուճ։

Կայքի տեղեկություններով՝ դեպքի վայրում հայտնաբերվել են նաև արնանման հետքեր և կռփազենք։  Պարզվել է, որ դեպքի վայրից թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել Ա. Հովհաննիսյան փողոցի բնակիչ՝ 64-ամյա Վաչագան Հ-ն, ով հիվանդանոց է տեղափոխվել «աջակողմյան հեմոպրոտեքս» ախտորոշմամբ, նույն հիվանդանոց է տեղափոխվել «ձախ անոթափոսի կտրած արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ Սարգիս Ս-ն, ում ամբողջական տվյալները ճշտվում են, իսկ «պոլիտրավմա» ախտորոշմամբ նույն հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ՝ 31-ամյա Անդրանիկ Բ-ն։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրութուն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։

Ինչպես տեեկացանք Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանից, փաստի առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի, 112  հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանները տաք հետքերով պարզել են որոշ հանգամանքներ, և կան ենթադրյալ կասկածյալներ, որոնք որոնվում են։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել «Սիգարոն» ընկերության աշխատակիցները, որոնք նաև հիվանդանոց  են տեղափոխել վիրավորներից երկուսին։