Հայաստան–Ադրբեջան ուղիղ երկխոսությունը լինելու է շարունակական․ Արմեն Գրիգորյան

Խաղաղություն կնքելու ճանապարհին մենք դա միայնակ չենք անելու, Ռուսաստանը ներգրավված է լինելու այս գործընթացում, կարծում եմ՝ Ռուասաստանը ևս հետաքրքրված է, և պաշտոնապես ՌԴ–ն բազմիցս հայտարարել է, որ հետաքրքրված է, որպեսզի մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատվի, այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հաղորդավար Պետրոս Ղազարյանի հարցին, թե ինչ է տեղի ունենալու, երբ Հայաստանն Ադրբեջանի հետ հասնի խաղաղության, ինչից հետո Ադրբեջանն ասի, որ այլևս ռուսների ներկայության անհրաժեշտություն չկա։

«Ռուսաստանը ներգրավված է լինելու, և անվտանգության երաշխիքները, որոնց մասին մենք մտածում ենք, մենք տեսնում ենք Ռուսաստանի մասնակցությունը նաև անվտանգության այդ ճարտարապետության կառուցման գործում։ Եվ կարծում եմ, որ երկարաժամկետ լուծման դեպքում այդպիսի հարց պետք է որ չառաջանա»,– ասել է նա։

Դիտարկմանը, որ Ադրբեջանը, այդուամենայնիվ, գնալու է այդ ճանապարհով և Ռուսաստանին ասելու է, որ ՌԴ ներկայության կարիք այլևս չկա, Արմեն Գրիգորյանը արձագանքել է՝ ասելով, որ պետք է հասկանալ, թե անվտանգության ինչ երաշխիքներով ենք հասնելու հիմնախնդրի լուծման։

«Պետք է անվտանգության այդ երաշխիքների մասին մտածենք։ Եթե մենք դրա մասին մտածում ենք, ապա այդտեղ պետք է միջազգային ներկայություն լինի անվտանգության երաշխիքների մասով, գոնե մի որոշ ժամանակ։ Եվ կարծում եմ, որ Ռուսաստանն էլ պետք է հետաքրքրված լինի, որ խնդիրը կարգավորվի երկարաժամկետ կտրվածքով։ Այստեղ նաև Ռուսաստանի ակտիվ ներգրավվածություն կա, կարծում եմ՝ այդպիսի հարցեր պետք է որ չառաջանան հենց Ռուսաստանի մոտ»,– ասել է նա։

Հաղորդավարը հարցադրում է արել, թե Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացը ով է կառավարում, ինչին ի պատասխան Արմեն Գրիգորյանն ասել է, որ այն կառավարում են Հայաստան և Ադրբեջանը, և՛ Ռուսաստանը, և՛ ԵՄ–ն, և՛ ԱՄՆ–ն աջակցություն են ցուցաբերում, որպեսզի խնդիրը կարգավորվի։ «Իհարկե, Մինսկի խմբի շրջանակում կան որոշակի տարաձայնություններ ստեղծված աշխարհաքաղաքական խնդիրների պատճառով, բայց գլոբալ հաշվով այս գործընթացի առաջնային պատասխանատուները բնականաբար Երևանն են և Բաքում, և մենք ենք փորձում լուծումներ գտնել»,– ասել է նա՝ հավելելով Հայաստան–Ադրբեջան ուղիղ երկխոսությունը լինելու է շարունակական։