Սոմալիի խորհրդարանը ականանետային գնդակոծման է ենթարկվել

Սոմալիի խորհրդարանը ականանետային գնդակոծման է ենթարկվել, երբ երկրի նորընտիր օրենսդիրները պաշտոնը ստանձնելուց հետո երկրորդ անգամ են հավաքվել: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Ալ-Շաբաբ» իսլամիստական ռազմականացված խմբավորումը, հայտնում է AFP-ը:

Պաշտոնատար անձանց հաղորդումներով՝ մի քանի մարդ վիրավորվել է, սակայն օրենսդիրներից ոչ ոք չի տուժել, երբ մի քանի ականանետներ պայթել են խորհրդարանի մոտ՝ մայրաքաղաք Մոգադիշոյում ուժեղ ամրացված համալիրում:

Հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ օրենսդիրները նշանակել են ստորին եւ վերին պալատների խոսնակների ընտրության ամսաթիվը, որը նոր նախագահ ընտրելու գործընթացի հաջորդ քայլն է:

Սենատի եւ Ժողովրդական պալատի նոր անդամները երդվել են հինգշաբթի օրը՝ ավելի քան մեկ տարի ուշացած ընտրություններից հետո, որոնք ուղեկցվել են մահացու բռնություններով եւ գործող նախագահի ու վարչապետի միջեւ իշխանության համար պայքարով:

Վերին պալատը նախագահ կընտրի ապրիլի 26-ին, իսկ ստորին պալատը՝ հաջորդ օրը, ասել են պաշտոնյաները:

Սոմալիում ՄԱԿ-ի առաքելությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով ականանետային գնդակոծումը։

Նա հայտարարել է, որ «աջակցում է սոմալեցիներին՝ ընտրական գործընթացն ավարտին հասցնելու եւ ազգային գերակայությունների հարցում առաջընթաց գրանցելու իրենց ջանքերում»։