Վաշինգտոնը ձգտում է հեռացնել Մոսկվային G-20-ից

Ուկրաինայում շարունակվում է պատերազմը, իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ցանկանում է, որ Ռուսաստանը հեռացվի 20 խոշորագույն տնտեսությունների խմբից, իսկ Ուկրաինա Մոսկվայի ներխուժման հետևանքները ներառվեն Մեծ քսանյակի (G-20) գագաթնաժողովի օրակարգում: Այդ մասին «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեն Փսակին:

«Բնական է, երբ Ուկրաինայի իրադարձությունների և Ռուսաստանի ներխուժման նման զարգացումները, որոնք ազդում են համաշխարհային հանրության վրա, կենտրոնական դեր են խաղում միջազգային համաժողովներին: Միջազգային հանրությունը պատրաստվում է ներգրավվել Ուկրիանայի տնտեսական վերականգնմանն ու վերակառուցմանը»,- ասում է Փսակին։

«Այս հայտարարությունները դժվար կացության մեջ են դնում Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյին է, ով այս տարվա G-20 նախագահն է և կհյուրընկալի Բալիում նոյեմբերին կայանալիք գագաթնաժողովը: Նա և այլ երկրներ ունեն իրենց օրակարգը։

Ջակարտայում գործող Synergy Policies վերլուծական կենտրոնի համահիմնադիր Դիննա Պրապտո Ռահարջայի կարծիքով՝ նախագահ Վիդոդոյի ցանկությունն է համոզվել, որ G-20-ի մանդատը պահպանված է և որպես զարգացող տնտեսություն կենտրոնանալ համաճարակից հետո վերականգնման օրակարգի վրա, ներառյալ էներգետիկ ճգնաժամի ու ապրանքների գների բարձրացման վրա: