Հիմա մենք խոսում ենք Հայաստանի և Արցախի լինել-չլինելու մասին. Փաշինյան

«Մենք պետք է տարածաշրջանային օրակարգը լցնենք բովանդակությամբ։ Հերիք է մեզ անընդհատ օրակարգեր պարտադրեն ու մատուցեն։  Հասկանո՞ւմ եք, մենք օրակարգ չենք պարտադրել»,- ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Այնուհետև նա հարցադրում արեց՝ ինչո՞ւ և ինչքա՞ն ենք մենք պահել հողեր։

«Պահել ենք այնքան և որովհետև, քանի դեռ շատերին դա ձեռնտու է եղել։ Ախր եկեք սա հասկանանք»,- իր հարցին պատասխանեց Փաշինյանը։

Նրա խոսքով, հիմա իրենք չեն խոսում ուղղակի ընթացիկ բաների մասին, խոսում են Հայաստանի և Արցախի լինել-չլինելու մասին։

«Հայաստանն ու Արցախն, իմիջայլոց, շատ կարևոր մի բան է, դրանք ընդամենը հողակտորներ չեն։ Հայաստանը մարդիկ են, կարգավիճակ է, պետություն է, միջազգային  իրավահարաբերության սուբյեկտ է։ Սա ենք մեզ ուզում։ Եվ, այո, մեր շուրջ  ահավոր մեծ ագրեսիվություն կա։ Եվ այդ ագրեսիվությունը միայն այնտեղ չէ, որտեղ մենք տեսնում ենք, բազմաթիվ  այլ տեղերում կա այդ ագրեսիվությունը։ Ի՞նչ  է պետք անել այդ ագրեսիվության նկատմամբ։ Պետք է կառավարել այդ ագրեսիվությունը։ Ուրիշ տարբերակ չկա»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով, քանի սահմանին զինվոր է կանգնած, դա խաղաղություն չէ. «Խաղաղությունն այն է,  երբ սահմանին կանգնած է սահմանապահ և հարցերը կարգավորվում են սահմանային նշանների միջոցով և ոչ թե դիրքերի, բարձունքների, դիպուկահարներից զգույշ լինելու։

Մոտ 1000 զոհ ենք ունեցել, մի մասը ոչ մարտական պայմաններում, ասվող խաղաղության ժամանակաշրջանում։ Դա խաղաղություն չէ»։

Նիկոլ Փաշինյանը ԱԺ դահլիճում ներկա ՔՊ-ական պատգամավորներին, կառավարության անդամներին առաջարկեց, որ իր այս ելույթը, ընդհանրապես երեկվանից սկսված այս քննարկումն ավարտեն մեկ րոպե լռությամբ, հոտնկայս հարգեն նահատակներին. «Մեր խոնարհումը նրանց առաջ, քանի որ  այն օրակարգը, որ մենք առաջարկում  ենք, նրանց հիշատակը հարգելու և նրանց զոհողություններին պատշաճ հարգանք ցուցաբերելու ամենակարևոր ձևն է»։

 

Աղբյուր` Panorama.am