Գլխավոր Հասարակություն Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ներկայացնում է Կառավարության ծրագրի կատարողականը (ուղիղ)

Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ներկայացնում է Կառավարության ծրագրի կատարողականը (ուղիղ)

Ազգային ժողովն այսօր՝ ապրիլի 13-ին շարունակում է քառօրյա նիստերը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ներկայացնում է 2021 թվականի կառավարության ծրագրի կատարման ընթացքն ու արդյունքները։

 

Նա նշեց, որ 2021 թվականը ետպատերազմական առաջին տարին էր, ու տարվա ընթացքում ունեցել են լրջագույն ձախողումներ և լրջագույն ձեռքբերումներ։ Փաշինյանն ասաց, որ կխոսի ձեռքբերումների, ձախողումների մասին։

«Բայց ոչ միայն դրանք արձանագրելու, այլև Ազգային ժողովի  բարձր ամբիոնում գտնվելու պատեհությունն օգտագործելով՝ երկրի բարձրագույն օրենսդիր իշխանության, այսպիսով նաև հանրության առաջ ինքնախոստովանություններ անելու, տեղի ունեցած պատերազմի և պարտության  պատճառահետևանքային կապերը լուսաբանելու և հնարավոր լուծումների մասին խոսակցություն  հարուցելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Օրակարգում ընդգրկված է, ընդհանուր առմամբ, 25 հարց, որոնց շարքում են հետեւյալ հարցերը.

– «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,

– «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը երկարաձգելու մասին,

– «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին,

– «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի կապի համատեղ (միավորված) համակարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին.

– «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

– «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2020 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին,

– Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին 2020-2021 թվականների հաղորդում,

– Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը,

– Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրություն,

– Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 3 անդամների ընտրություն եւ այլ հարցեր:

Ընդդիմադիր պատգամավորներին առաջարկում են քննարկել նաեւ հրատապ հարց, որն առնչվում է գնաճին, սակայն դեռ հայտնի չէ` ՔՊ-ական պատգամավորները կողմ կքվեարկեն այդ նախագծին, թե ոչ: Ընդդիմադիրներն առաջարկում են նաեւ ԱԺ հրավիրել պատկան մարմինների ներկայացուցիչներին»: