Պայթուցիկ սարքերի տեղադրման մասին ահազանգերից հետո «Ռոսիա մոլ», «Մեգամոլ», «Մետրոնոմ» առևտրի կենտրոններից մարդիկ տարհանվում են

Ապրիլի 8-ին, ժամը 14։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնի տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը:

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ տարահանել են մոտ 1000 քաղաքացու:

Ժամը 15։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Մեգամոլ» առևտրի կենտրոնի տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված: Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացնում են տարահանման աշխատանքներ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ այսօր ժամը 14։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Իսահակյան փողոցի մոտակայքում՝ «Մետրոնոմ» առևտրի կենտրոնում, պայթուցիկ սարք է տեղադրված։ ԱԻ նախարարությունից հայտնում են, որ փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ տարահանել են մոտ 500 քաղաքացու:

Իրականացվում են տեղազննման աշխատանքներ: