Դավիթ Տոնոյանը կալանքից ազատ չի արձակվի

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ազատ չի արձակվի. Վերաքննիչ դատարանը, դատավոր Տիգրան Սահակյանի նախագահությամբ, քիչ առաջ մերժել է պաշտպանական կողմի բողոքը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Տոնոյանի պաշտպանական խմբի անդամ Ավետիք Կարապետյանը:

Փաստաբանը հայտնեց, որ դատարանի որոշմանը դեռ չեն ծանոթացել, բայց, ամենայն հավանականությամբ, բողոքարկելու են որոշումը:

Դավիթ Տոնոյանն անցնում է ռազմամթերքի մատակարարման չարաշահմանն առնչվող քրեական գործով. նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու համար: Պաշտպանության նախկին նախարարն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: