Պարզ սովորություններ, որոնք կօգնեն առանց սահմանափակումների ու մարզումների ազատվել ավելորդ քաշից

Ավելորդ քաշը բավական տարածված խնդիր է, որի դեմ պայքարում են միլիոնավոր մարդիկ։ Որպես կանոն քաշը նվազեցնելու և կազմվածքը կարգի բերելու համար մարդիկ հատուկ սննդակարգերի են հետևում ու մարզվում, սակայն մասնագետները վստահ են, որ ցանկալի արդյունքին հասնելու համար իրականում մեծ ջանքեր գործադրելու կարիք չկա, քանի որ գոյություն ունեն շատ պարզ սովորություններ, որոնք կօգնեն հեշտությամբ պայքարել ավելորդ կիլոգրամների դեմ։

SPORT24 պարբերականը ներկայացրել է այդ սովորություններից մի քանիսը, որոնք թույլ կտան նվազեցնել քաշը՝ խուսափելով խիստ սննդակարգերից ու մարզումներից։ Նման սովորություններից մեկը կարող է լինել օրվա ընթացքում մեծ քանակությամբ ջրի գործածությունը, ինչն արագացնում է նյութափոխանակությունն ու մեղմում է քաղցի զգացումը՝ այդ կերպ գործարկելով քաշի նվազեցման գործընթացը։

Քաշի նվազմանը նպաստող մյուս սովորությունը շատ քայլելու սովորությունն է։ Մասնագետների խոսքով՝ ազատ ժամամանակը զբոսանքներին տրամադրելն ու վերելակի գործածությունից հրաժարվելը կարող է շատ օգտակար լինել կազմվածքի համար։ Շատ կարևոր է նաև ճիշտ նախաճաշելու սովորությունը։ Մասնագետները շեշտում են, որ մարդու նախաճաշը պետք է լինի հնարավորինս հագեցնող, քանի որ այն պետք է տա այնքան էներգիա, որը բավարար կլինի օրվա մեծ մասի համար։

Միևնույն ժամանակ հարկավոր է նվազեցնել օրվա ընթացքում օգտագործվող աղի քանակությունը, քանի որ այն նպաստում է օրգանիզմում հեղուկի կուտակմանը, ինչն էլ միայն ավելացնում է քաշը։

Քաշի նվազեցման համար մասնագետները խորհուրդ են տալիս նաև փոքրացնել սննդի չափաբաժինները, հրաժարվել ուշ ժամին ընթրելու սովորությունից ու հաշվի առնել, որ սննդի ընդունման վերջին ժամը պետք է լինի քնելուց առնվազն երեք ժամ առաջ։ Բացի այդ, մասնագետները նաև խորհուրդ են տալիս բանջարեղեն ուտել ինչպես նախաճաշին, այնպես էլ ճաշին ու ընթրիքին, իսկ քաղցրավենիքը փոխարինել մրգերով, ինչը կլինի շատ ավելի անվնաս կազմվածքի համար։

Ավելին՝ ավելորդ քաշի դեմ պայքարում շատ կարևոր կարող է լինել նաև առողջ քունը, ուստի հարկավոր է նաև ազատվել քնի խանգարումներից ու ամեն գիշեր լիարժեք հանգստանալ։