Ամենաարդյունավետ բնական դեղամիջոցները քունը կարգավորելու և անքնությունից ազատվելու համար․ 8 բաղադրատոմս

Անքնությունը բավական տարածված խնդիր է, որը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ կյանքի որակի վրա՝ հանգեցնելով թուլության, գերհոգնածության, ուժերի անկման և ինքնազգացողության սաստիկ վատթարացման։ Վերջին տարիներին այս խնդիրը հատկապես արդիական է, քանի որ կյանքի չափազանց արագ ռիթմի և մշտական լարվածության հետևանքով մարդիկ շատ ավելի հաճախ են ենթարկվում սթրեսների ու անհանգստության ազդեցությանը։

Քնի խանգարումների խնդրին կարող է բախվել յուրաքանչյուրը, սակայն ոչ բոլորն են ճիշտ պայքարում այս խնդիրների դեմ: Անքնության և քնի խանգարումների դեպքում մարդիկ, որպես կանոն, կամ ընդունում են քնաբեր ազդեցությամբ օժտված դեղամիջոցներ, որոնք մի շարք կողմնակի բարդություններ են առաջացնում, կամ պարզապես անուշադրության են մատնում խնդիրը, ինչը կարող է շատ վտանգավոր լինել ու հանգեցնել առողջական լուրջ խնդիրների զարգացման։

Ներկայում դեղագործական ընկերություններն առաջարկում են տարատեսակ միջոցներ անքնության բուժման համար, սակայն բժիշկները նախազգուշացնում են, որ ցանկացած դեղամիջոց առաջացնում է բավական լուրջ կողմնակի բարդություններ, իսկ հաճախակի գործածության դեպքում կարող է անգամ կախվածություն առաջացնել։ Սա է պատճառը, որ քնի կարգավորման համար մասնագետները հորդորում են կիրառել շատ ավելի անվնաս միջոցներ, որոնք պատրաստվում են բացառապես բնական բաղադրիչներից, շատ ավելի հասանելի են և հազվադեպ են ունենում հակացուցումներ։ Ավելին՝ նման բնական միջոցները ոչ միայն անվնաս են ու հասանելի, այլև իրենց արդյունավետությամբ չեն զիջում դեղորայքին։

Aif.ru կայքը ներկայացրել է նման մի քանի բնական դեղամիջոցի բաղադրատոմս, որոնք կօգնեն հանգստացնել նյարդային համակարգն ու հեշտությամբ կարգավորել քունն առանց վնասական դեղորայքի գործածության։

  • 1 ճաշի գդալ օշինդրի արմատներին կամ խոտին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել երկու ժամ և խմել քնելուց առաջ։
  • 1 ճաշի գդալ թարմ սամիթին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել մեկ ժամ, այնուհետև քամել և խմել քնելուց առաջ։
  • 1 ճաշի գդալ սամիթի մանրացրած սերմերին ավելացնել 2 բաժակ եռման ջուր և թրմել երկու ժամ։ Ստացված թուրմը հարկավոր է խմել օրական երեք անգամ ուտելուց առաջ կես բաժակ և ևս մի բաժակ քնելուց առաջ։
  • Խառնել երեքական ճաշի գդալ չորացրած ու մանրացրած երիցուկի ծաղիկներն ու կատվախոտի արմատները, 2 ճաշի գդալ առյուծագիի խոտը և 1 ճաշի գդալ ալոճենու պտուղները, այնուհետև ստացված խառնուրդի 4 ճաշի գդալին ավելացնել մի բաժակ եռման ջուր և 6-8 ժամ թրմել թերմոսի մեջ։ Ստացված թուրմը քամել և խմել օրական 3 անգամ քնելուց առաջ կես բաժակ։ Թուրմը հարկավոր է խմել գոլ վիճակում։
  • Խառնել 3 ճաշի գդալ չորացրած ու մանրացրած դեղատու պատրինջի ծաղիկները, երկուական ճաշի գդալ հազարատերևուկի ծաղիկներն ու վաղենակի ծաղիկները և 1 ճաշի գդալ ուրցը, այնուհետև ստացված խառնուրդի 3 ճաշի գդալին ավելացնել մի բաժակ եռման ջուր, դնել թույլ կրակին ու եփել 20 րոպե։ Ստացված թուրմը թողնել սառչի, այնուհետև քամել և խմել կես բաժակ ուտելուց կես ժամ առաջ։
  • 1։1։1 հարաբերակցությամբ խառնել դեղատնային երիցուկի ծաղիկները, անանուխի տերևներն ու հոռոմ-սամիթի պտուղները, այնուհետև խառնուրդի 1 ճաշի գդալին ավելացնել մի բաժակ եռման ջուր, 45 րոպե թրմել թերմոսի մեջ և խմել քնելուց առաջ։
  • Խառնել հավասար քանակությամբ նարդոսի տերևներն ու ծաղիկները, եղեսպակը, անանուխն ու ուրցը, ստացված թուրմի 1 թեյի գդալին ավելացնել մի բաժակ եռման ջուր ու թրմել 10 րոպե։ Ստացված թուրմը հարկավոր է խմել քնելուց առաջ։
  • 1 ճաշի գդալ մանրացրած ուրցին ավելացնել մի բաժակ եռման ջուր, տարան ծածկել ու թրմել 20 րոպե։ Ստացված թուրմը քամել և խմել առավոտյան ու երեկոյան կես բաժակ։

Այս բնական միջոցները շատ արդյունավետ են ու հասանելի, սակայն հարկ է հիշել, որ որոշ դեպքերում անքնությունն ու քնի այլ խանգարումները պայմանավորված են լինում բավական լուրջ հիվանդություններով, ուստի նման միջոցների գործածությունից առաջ հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ, քանի որ ինքնաբուժությունը կարող է շատ վտանգավոր լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը: Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ: