Իտալիայում առաջիկա ամիսներին կսկսվի «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությունը

Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությունը, ինչպես ակնկալվում է, առաջիկա ամիսների ընթացքում կմեկնարկի իտալական Adienne ընկերության գործարանում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «Ռուսական ուղիղ ներդումներ» հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը:

«Մենք աշխատատեղեր ենք ստեղծում երկրներում և հնարավորություններ ընձեռում ընկերությունների համար: Նման ընկերություններից մեկն իտալա-շվեյցարական Adienne ընկերություն է: Ակնկալում ենք, որ արտադրությունն իտալական գործարանում կսկսվի առաջիկա մի քանի ամիսների ընթացքում»,- ասել է վերջինս լրագրողներին:

Պաշտոնյան ընդգծել է, որ հիմնադրամը պատրաստ է կիսվել պատվաստանյութի արտադրման տեխնոլոգիաներով այլ երկրների հետ և համագործակցել գործընկերության ոգով:

Իտալիայում «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության մասին համաձայնագիրը կողմերը ստորագրել էին մարտին:  

Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 3,7 մլն-ը, իսկ մահացածներինը՝ 114 հազարը: