«Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը միտված է մամուլին լռեցնելու և ճնշելու. մասնագետներ

Վերջին շրջանում ԶԼՄ-ներին միտված օրենքի նախագծերը բավականին վիճելի են և արտացոլում են ԱԺ-ի մեկ կամ երկու պատգամավորի պատկերացումն իրավիճակի մասին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

«Առհասարակ, օրենքում փոփոխությունները բավականին վիճելի են և ես կարող եմ նշել՝ վերջին ժամանակաշրջանի շատ օրենսդրական նախագծեր, որոնք կապ ունեն ԶԼՄ-ների հետ, բավականին վիճելի են, և ես ընդամենը կարող եմ եզրակացնել, որ ինչպես շատ նախաձեռնություններ, սա ևս լավ հիմնավորված չէ և կարող է արտացոլել մեկ-երկու պատգամավորի պատկերացնումները՝ ինչպես խնդիրը պետք է կարգավորվի»,- ասաց Բորիս Նավասարդյանը:

Նա նաև նշեց՝ «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ պետք է լինեն, և այդ փոփոխությունները պետք է հնարավորինս հիմնավորված լինեն և որոշում կայացնելիս դիտարկվեն շահառու բոլոր կողմերը:

«Խաղերի և խաղատների գովազդը նորմալ է, որ պետք է որոշակի սահմանափակումների ենթարկվի, բայց  այդ սահմանափակումները պետք է հիմնված լինեն կոնկրետ ուսումնասիրությունների վրա, թե ինչպես է տվյալ գովազդն ազդում տարբեր տարիքային շերտերի վրա և նաև՝ ինչպիսի տնտեսական հետևանքներ դա կարող է ունենալ լրատվամիջոցների վրա: Եթե գործող իշխանությունը հոգում է, որ նմանատիպ գովազդները սխալ ազդեցություն չունենան անչափահասների վրա, պետք է նաև հոգա ու հասկանա՝ ինչ վնաս կարող է ունենալ լրատվամիջոցը»,- ասաց նա։

Հիշեցնենք՝ «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է լրատվական կայքերում տեղադրված վիճախաղերի, ինտերներ շահումով խաղերի և խաղատների գովազդների ցուցադրման գրաֆիկը սահմանափակել, ըստ որի՝ դրանք կարող են հրապարակվել միայն երեկոյան ժամը 10-ից մինչև առավոտյան 7-ն ընկած ժամանակահատվածում:

Առաջին ընթերցմամբ Ազգային ժողովն այն ընդունել է, եթե 2-րդով էլ անցնի, ապա ավելի քան 50 լրատվական կայք կզրկվի իր բյուջեի 70 տոկոսից:

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանը,  անդրադառնալով հարցին, նշեց, որ  3 տարվա ընթացքում ոչ մի էական փոփոխություն չի կատարվել «Գովազդի մասին» ՀՀ օրենքում և ներկայիս փոփոխությունները ունեն այլ միտում:

«Գովազդի շուրջ այս 3 տարվա ընթացքում օրենսդրական կարգավորումների ընթացքն ուղղակի խայտառակ երևույթ է, և երբևէ ՀՀ ԱԺ-ում այսքան բացահայտ լոբբիստական գործունեություն խորհրդարանի առանձին պատգամավորներ չեն ծավալել, ուղղակի 3 տարի շարունակ ԱԺ-ն պատգամավորները իրենց լոբբիստական կազմակերպության շահերն են սպասարկում»,- ասաց Գեղամ Մանուկյանը:

Նա նաև նշեց՝ տվյալ ծրագրով ակնհայտ միտում կա լրատվամիջոցներին ֆինանսական ճգնաժամի առաջ կանգնելու համար:

«Այս ծրագիրը միտված է լրատվամիջոցներին ֆինանսական մուտքերից զրկելուն, մամուլին նյութական ակունքներից զրկելու ևս մեկ փորձ է, որի շնորհիվ կազատվեն մամուլից, կամ կսահմանափակեն մամուլի նյութական գործունեությունը, որպեսզի հնարավոր լինի ազդեծություն ունենալ ԶԼՄ-ների վրա, որովհետև կան բազմաթիվ այլ կարգավորումներ, որոնք կարող էին օրենսդրական նախաձեռնություններով կիրառել՝ հասարակությանը հեռու պահելով շահումով խաղերից, բայց երբ շահումով խաղերից առանձինները իշխանությունների սիրելին են, վայելում են նրանց հովանավորությունը, առանձին պատգամավորների կողմից օգտվում են առավելություններից,  բացակայում է ազնիվ մրցակցությունը»,- մեկնաբանեց նա:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց՝ նման գովազդները պետք է կարգավորում ստանան, իսկ լրատվամիջոցները պետք է հարցին ըմբռնումով մոտենան:

«Վատ է, երբ կա կարգավիճակ, երբ լրատվամիջոցները կարող են տուժել, քանի որ ՀՀ-ում տնտեսական ճգնաժամ է, բայց այդ խաղերը պետք է այլ ուղղությամբ կարգավորվեն, իսկ լրատվամիջոցները իրենց հերթին իրավիճակին ըմբռնումով մոտենան»,- նշեց Աշոտ Մելիքյանը: