Վաչագան Ղազարյանը պետությանը 2 միլիարդ 800 մլն գումար է մուծել ու իրեն մեղավոր չի՞ ճանաչում. Քննչական մարմինները վախենում են Սերժի Վաչոյից

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի փաստաբան Մհեր Հակոբյանը երեկ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր, որ իր պաշտպանյալի նկատմամբ համաներում է կիրառվել, վարույթը կարճվել է։
«Առաջին լրատվական»-ը սրան անդրադարձել էր դեռ այս տարվա փետրվարի 26-ին։

Վաչագան Ղազարյանին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրի նախկին հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանն անցած տարի հունիսի 11-ին հաղորդում էր ներկայացրել իրավապահ մարմիններին և տեղեկացրել, որ 2013-2017 թվականներին ԱԱԾ ՊՊԾ 6 աշխատակից երեք հերթափոխով ծառայություն են իրականացրել Վաչագան Ղազարյանին ու նրա կնոջը պատկանող «Յանս» ռեստորանային համալիրում, և ինքը՝ Վաչագան Ղազարյանի բանավոր հանձնարարությամբ, ամիսը 300 հազար դրամ է տվել այդ ծառայության պետին։ Արիստակեսյանը նաև իրավապահներին տեղեկացրել էր, որ ԱԱԾ մեկ այլ աշխատակից՝ Սեյրան Ազարյանը, գրանցված լինելով ԱԱԾ-ում, փաստացի աշխատանքի չի հաճախել, սակայն ԱԱԾ-ից վճարվելով հանդերձ, 2015-2018թթ. եղել է Վաչագան Ղազարյանի կնոջ վարորդը՝ նրան տարել է «Յանս» ռեստորանային համալիր, մնացել այդտեղ կամ կատարել Ռուզաննա Բեգլարյանի հանձնարարականները։ Նախաքննական մարմինը պարզել է, որ միայն վարորդի մասով պետությանը պատճառվել է 9 միլիոն 340 հազար դրամի վնաս։ Վաչագան Ղազարյանը հարցաքննվել է այս գործով, իրեն մեղավոր չի ճանաչել այդ մեղադրանքներում՝ դրանք համարելով անհիմն, բայց վճարել է պետությանը պատճառված վնասը և չի առարկել, որ համաներման հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի։

Համաներում կիրառելու համար ՀՔԾ-ն հիմք է ընդունել նաև այն, որ Վաչագան Ղազարյանը մարտական գործողությունների մասնակից է եղել, և դա հավաստող փաստաթղթերը ստացել է ՀՀ ՊՆ-ից։ Խոսքը վերաբերում է 1991-94 թվականների մարտական գործողություններին։

Նկատենք, սակայն, որ ՀՔԾ այս որոշումը չի նշանակում, որ Վաչագան Ղազարյանն ամբողջությամբ ազատվում է պատասխանատվությունից, քանի որ օրերս՝ ավելի կոնկրետ մարտի 12-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի, բավարարել է «Յանս» ռեստորանային համալիրի նախկին հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանի բողոքը՝ ընդդեմ Վաչագան Ղազարյանի, վերջինիս կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի, «Յանս»-ի տնօրեն Սերգեյ Կարապետյանի վերաբերյալ գործը կարճելու, վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու որոշման դեմ։ Դատարանի այս որոշումը նշանակում է, որ Սուսաննա Արիստակեսյանը նորից պետք է տուժող ճանաչվի, և ՀՔԾ-ի կողմից կարճված գործը պետք է վերաբացվի։

Սուսաննա Արիստակեսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ դեռ հույս ունի, որ վերաբացվելուց հետո գործը արդարացիորեն կքննվի, և արդարադատությունը ի վերջո կվերականգնվի։ Այդ կարճված գործով, հիշեցնենք, Սուսաննա Արիստակեսյանը այդպես էլ տուժող չէր ճանաչվել՝ այն պարագայում, երբ Սերժի Վաչոն ու իր կինը Արիստակեսյանից ստիպողաբար 40 միլիոն դրամ էին շորթել։

«Ինձ շատ հետաքրքիր է, որ մեր իրավապահ մարմինները մի քանի ամսում փակում են Վաչագան Ղազարյանի վերաբերյալ քրեական գործերը: Ամեն դեպքում, Վաչագան Ղազարյանը իրեն մեղավոր ճանաչո՞ւմ է, երբ «Սելենա» ՍՊԸ-ին վճարել է 1 միլիարդ 163 միլիոն 516 հազար 352 դրամ, իրեն մեղավոր ճանաչո՞ւմ է «Արմեն» ՍՊԸ-ի կողմից պետությունից թալանված 415 միլիոն 991 հազար 159 հազար դրամի համար, իրեն մեղավոր ճանաչո՞ւմ է «Նիգ» ՍՊԸ-ի կողմից պետությանը մուծված 49 միլիոն 250 հազար 490 դրամի համար, իրեն մեղավոր ճանաչո՞ւմ է «Ֆակել Գազ» ՍՊԸ-ի կողմից թալանված 252 միլիոն 612 հազար դրամի համար, իրեն մեղավոր ճանաչո՞ւմ է «ՍինգլԳոռ» ՍՊԸ-ի կողմից պետությունից թալանված 151 միլիոն 073 հազար դրամի համար, մեղավոր ճանաչո՞ւմ է «ՕՄՎԼ Արմենիա» ՍՊԸ-ի կողմից պետությունից թալանված 41 միլիոն 533 հազար 918 դրամի հարցում։ Իրեն մեղավոր ճանաչո՞ւմ է «ԷդուարդՔոմփյութերս» ՍՊԸ-ի կողմից պետությունից թալանված 764 միլիոն 684 հազար դրամի համար: Ինձ շատ հետաքրքիր է, որ երբ ինքը այս գումարները մուծել է հարկային մարմիններին գրված ակտերի համար, ապա պետության մոտ հարց չի՞ առաջացել, թե նրան որտեղից այդքան գումար։ Ու հետո, ինքը իրեն մեղավոր ճանաչե՞լ է այդ բոլոր արարքներում, երբ մուծել է այդ տուգանքները։ 2 միլիարդ 800 միլիոն գումար է մուծել ու իրեն մեղավոր չի՞ ճանաչում։ Գիտեք, պարզապես ցավալի է, որ քննիչները քննել են այդ գործերը ու իրենց մոտ հարց չի առաջացել, թե որտեղից Սերժի Վաչոյին այդքան գումար։ Իբր քննել ու հետո էլ կարճել են գործերը։ Սա իրավական պետության մեջ զավեշտ է։ Արդեն 4 տարի է՝ քննչական մարմինները ինձ խաղալիք են դարձրել այս գործերով և ոչ մի կերպ չեն կարողանում ապացուցել իմ կողմից Վաչոյին ու իր ընտանիքին հասցված որևէ վնաս։ Բայց նաև ես չեմ կարողանում այսքան ժամանակ քննչական մարմինների միջոցով դեպոզիտացնել ինձնից շորթված 40 միլիոն դրամը։ Իրենք ինձ պատանդի կարգավիճակում էին պահում, և իմ հարազատները այդ գումարը որպես փրկագին են վճարել»,- ասաց տիկին Արիստակեսյանը՝ ավելացնելով, որ քննչական բոլոր մարմինները վախենում են Սերժի Վաչոյից ու չեն կարողանում նրան բերել օրինական դաշտ։

«Բայց ամեն դեպքում 40 միլիոնի գործով ես ճանաչվել եմ տուժող, դատարանը գործի կարճումը վերացրել է։ Վաչագան Ղազարյանի փաստաբանը բողոքարկել է դատավոր Բալայանի որոշումը, բայց ես կարծում եմ, որ կգտնվեն Բալայանի նման արդարամիտ դատավորներ վերաքննիչում և ճիշտ մոտեցում կցուցաբերեն գործին, ու կապացուցվի ինձնից շորթված 40 միլիոնի փաստը։ Սերժի Վաչոն ու իր փաստաբանը պետք է ոտները մի քիչ կախ քցեն ու տենց աջ ու ձախ չհայտարարեն, որ իրենք արդար են»,- եզրափակեց Արիստակեսյանը։