Դժվար է նստել այդ աթոռին և դեմ գնալ խղճին, իրականությանը և արդարադատությանը․ ես կարծում եմ, որ ՍԴ-ն իր բարձրության վրա էր. Սեյրան Օհանյանի պաշտպան

Այդ հոդվածն ինքն իրենով հակասահմանադրական էր, բայց մեր պաշտպանյալների նկատմամբ կիրառում էին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը՝ անդրադառնալով երեկ ՍԴ-ի կողմից 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելուն:

Փաստաբանի խոսքով՝ հոդվածը ոչ միայն հակասահմանադրական էր, այլև այդ հակասահմանադրական նորմին մի հատ էլ հետադարձ ուժ էին տվել:

«Կրկնակի խախտում կար, սահմանադրական դրույթների և մարդու իրավունքների կրկնակի խախտում: Ես նույնիսկ ասել եմ՝ կարծես թե վատ երազի մեջ վատ երազ տեսնես: Միայն սահմանադրականության հարցը չէր, դրան մի հատ էլ հետադարձ ուժ էին տվել»,- ասաց փաստաբանը:

Նրա խոսքով՝ կատարվածից հետո այդ հոդվածով քրեական գործի վարույթը պետք է կարճվի, ընդ որում՝ և՛ դատարանով, և՛, քանի որ դեռ նախաքննությունը շարունակվում է, պետք է գործի վարույթը կարճվի:

«Կարճումը պիտի լինի հանցակազմի բացակայության հիմքով, այսինքն` մեր պաշտպանյալները պետք է արդարացվեն: Հիմա շատ խոսակցություններ են գնում նաև իրավաբանների մեջ, որ այսօրվա իշխանությունն էլ արդեն Սահմանադրական կարգի տապալումների օրինակներ է ցույց տալիս՝ մի քանի բնագավառներում:  Սա նշանակում է, որ նրանք էլ վաղը չեն կարող մինչև երեկվա դրությամբ նման արարք իրականացնելու համար պատասխանատվության ենթարկվել»,-ասաց փաստաբանը:

Փաստաբանը նշեց նաև, որ ցույց տալու համար, որ 300.1 հոդվածը սահմանադրական է և որ այդպիսի որոշում կայացնեն, փոփոխություններ արեցին ՍԴ-ում:

«Ինչ ասես արեցին ՍԴ-ի հետ, բայց երբ անձը, ով կայացած մարդ է, երբ այնտեղ նստում են կայացած մարդիկ և չեն համարում, որ իրենց պաշտոնին նշանակելով լավություն են արել և իրենք պետք է փոխհատուցեն դրա համար, ապա իրենք արդարադատություն են իրականացնում: Իրենք իրենց անկախությունը ցույց են տալիս: Դժվար է նստել այդ աթոռին և դեմ գնալ խղճին, իրականությանը և արդարադատությանը:  Ես կարծում եմ, որ ՍԴ-ն իր բարձրության վրա էր, և դա հույս է տալիս, որ դա քաղաքական նկատառումներով  հետապնդումները հնարավորինս կդադարեն և կնվազեն: Համենայն դեպս, մարդիկ դատական պաշտպանության համար արդյունավետ հնարավորություն կունենան»,- ասաց Մեժլումյանը: