Ավելացել է նպատակային արձակուրդի ևս մեկ տեսակ․ օրենքն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից

Աշխատանքային օրենսգրքի 171-րդ հոդվածը վերաբերում է նպատակային արձակուրդների տեսակներին: Օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունների համաձայն՝ հոդվածում ավելացվել է նաև հայրության արձակուրդը:

Իրավաբան Զարինե Հովհաննիսյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ նոր փոփոխությունն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից։

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 171-րդ հոդվածի համաձյան՝ նպատակային են համարվում․

1) հղիության և ծննդաբերության արձակուրդը.

2) մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը.

3) ուսումնական արձակուրդը.

4) պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար տրամադրվող արձակուրդը.

5) չվճարվող արձակուրդը.

6) հայրության արձակուրդը:

«Օրենսգիրքը լրացվել է նաև 171.6 հոդվածով, որի համաձայն՝  երեխայի ծնվելու օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում, նորածնի հոր ցանկությամբ տրամադրվում է հինգ աշխատանքային օր տևողությամբ վճարովի արձակուրդ, որի յուրաքանչյուր օրվա համար գործատուն վճարում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափով»,-նշում է իրավաբանը։

Իրավաբան.net