Գրչի հարվածով հայրենիք եք հանձնել, հիշե՛ք, սա խարան է, որից մաքրվել չկա, Դուք հայի հակահերոսի կերպարն եք, որքան էլ փող ու պաշտոն տաք ձեր համհարզներին․ Աբրահամ Գասպարյանը՝ Փաշինյանին

Շատ կուզեինք խոսել երկրում կարևոր սոցիալական խնդիրների մասին, տնտեսական անցուդարձի ու մեր հաջողությունների մասին տեսանյութեր ցուցադրել, բայց…վարչապետի աթոռն զբաղեցնում է մի մարդ, որն իր աթոռի ոտքերից այն կողմ ոչինչ չի տեսնում, աթոռը գրկած՝ քնում է, արթնանում, գործածած եզրույթները աթոռի մասին են, կարծես լսած երգերն էլ՝ միայն ու միայն աթոռի մասին: Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է հեղինակ Աբրահամ Գասպարյանը։

«Վերջին 3 տարում չի եղել մի օր, որ Փաշինյանը մեզ չզարմացնի իր տարօրինակ նյուզֆիդով, անհասկանալի ելույթներով, հակասական ու տրամաբանությունից զուրկ դիսկուրսով, ստերով ու փնթի կռուտիտներով: Գոնե երկիրը պատերազմի՛ չտաներ…լավ՝ գոնե ամեն ինչ աներ, որ մեր հաղթանակն ամրագրվեր, հաղթեինք, այդ կերպ կմարսեինք իր ներկայությունն իշխանությունում: Ամոթ-աբուռ՝ ամեն ինչ կորցրել է, մնացել է՝ աթոռի հետ մեն-մենակ, թքելով մեր ազգային արժանապատվության վերջին հատիկների վրա»,– ասել է նա:

 Աբրահամ Գասպարյանը նշել է, որ Փաշինյանն ու յուր ուսապարկերը տեղ են ման գալիս՝ թաքնվելու: «Հասկանում եմ, որ աչքակապությունը ձեր համար թթվածին է դարձել, առանց որի չեք կարող ապրել, բայց հաստատ լսած կլինեք, որ հայ ժողովուրդը հիմար չէ, ոչ էլ անթասիբ, ու եթե ձեզ թվում է, որ այդ լեգիտիմության պատմուճանը, որ 3 տարի առաջ վերցրիք ձեր վրա՝ ձեզ իրավունք է տալիս ազգային-պետական հարցերում անհավասարակշիռ մտքեր ասեք, չարաչար սխալվում եք: Դուք Արցախի հետ կապ ունեք այնքան, որքան Կիմ Չեն Ընը ժողովրդավարության հետ, դուք մեր ազգի ու պետության շահերն արտահայտում եք այնքան, որքան Թուրքիան պատրաստ է ճանաչել Ցեղասպանությունն ու Արցախի անկախությունը: Ձևեր ե՞ք թափում, ախր ու՞մ վրա եք ծիծաղում…ձեր ժողովրդի՞: Լու՞րջ, մենք այդքան զոհ տվեցինք, որ հենց Ալիևն ասի՝ Ղարաբաղի հարցը լուծված է, դուք ասեք՝ ո՞չ…Փաշի՛նյան, այսքանն ասելուց առաջ՝ մտածել ե՞ք խոսքի բովանդակության ու հետևանքի մասին, հասկացել կամ ձեզ հասկացրել ե՞ն, որ նման իմաստազուրկ ու անհեթեթ մտքեր կարող է ասել շարքային զոմբին, բայց ո՛չ երկրի ղեկավարը, որ նման թշվառ դատողությամբ՝ Ալիևին ոչ թե պատասխանում եք, այլ քմծիծաղ առաջացնում, որ հերթական առիթն եք տալիս ձեր կիրթ ու կառուցողական Ալիևին, որ ասի՝ Նե օլդու, Փաշինյան»,– ասել է նա:

Հեղինակը նշել է, որ Փաշինյանը վճռականորեն ցանկանում է մեր ժողովրդի հիշողության մեջ մնալ որպես արկածախնդիր պատեհապաշտի, որի ճղճղան ձայնը, թունոտ խոսքը, ազգային-պետական շահերի առնչությամբ անբովանդակ մտքերը ձեռնտու են միայն թուրքին ու նրա կովկասյան սորտին, և հաճույք են պատճառում միայն դժբախտներին ու կեղեքվածներին, որովհետև վրեժ լուծելու համար այլ ելք չունեն՝ բացի հայհոյելը:

«Իսկ դուք՝ ազգին համերաշխության տանելու փոխարեն շարունակում եք թունավորե՛լ բոլորիս, ատելության նշտարը վերցրած՝ վե՛րքն եք փորում ու կարծես հաճույք եք ստանում դրանից: Ձեզ դուր է՞ գալիս, որ նման սադրող ու անհեթեթ մտքերը լսում են նաև այդ զոհված տղերքի ծնողներն ու հարազատները: Ձեզ հաճույք է պատճառո՞ւմ, որ այդ մահացած ծնողներին մի անգամ է՛լ եք սպանում: Ձեր մտքերը ոչ միայն հակագիտական են, անհայրենիք բովանդակությամբ, այլև հակաէսթետիկ, հային պատիվ չբերող, մեր քաղաքակրթությանը, լեռնաշխարհին, ստեղծագործ հանճարին անհարիր: Հերիք չէ՝ սխալը սխալի հետևի՛ց եք թույլ տալիս, մի հատ էլ հպարտանու՛մ եք, որ ձեր այդ սխալ գործելակերպը՝ ճիշտ է: Գրչի հարվածով՝ հայրենի՛ք եք հանձնել…սա հիշե՛ք, սա խարան է, որից մաքրվել չկա՛: Դուք հայի հակահերոսի՛ կերպարն եք, որքան էլ փող ու պաշտոն տաք ձեր համհարզներին, որպեսզի գովաբանեն ձեզ ու համարեն՝ խելոք ու ճիշտ ղեկավար: Դուք գուցե չե՛ք գիտակցում այս ամենի ողբերգությունը: Ձեր հանրային իմիջը վստահել եք տգետներին, կամ էլ այնպիսի ստրուկների, որոնց խնդիրը՝ ստրկությունից ազատվելը չէ՛, այլ նոր ստրուկներ ունենալը: Դուք քաղաքական ավանտյուրիստ եք, ոչ թե ստրատեգ: Ձեր ընդունած որոշումները հապճեպ են, պատանեկան խանդավառություն բուրող, անհեռատես, գաղջ ու չհիմնավորված, որոնք մեզ տարան ձախողման, թշնամուն էլ պարգևեցին Շուշիում չայ խմելու երազանքը, որը մենք խափանել էինք արել 28 տարի»,– ասել է նա:

Աբրահամ Գասպարյանը նշել է, որ հիմա՝ հենց մեր բերդաքաղաքից՝ թշնամին ծաղրում է մեզ: Ալիևը, որ խոսում ու անպատվում է Փաշինյանին, առաջինը մեր ժողովրդի՛ն է ձեռ առնում, ոչ թե Փաշինյանին: «Դուք նրա դաշնակիցն եք, դուք Մեծ Թուրանի վճարովի կամակատա՛րն եք: Թշնամին ձեզ հետ խնդիր չունի՛, այլ մե՛զ հետ՝ հայ ժողովրդի հետ, քանի որ գիտի՛ որ հայերը Շուշին ու Հադրութն իր կոկորդու՛մ կթողեն, Ադրբեջանն ու Թուրքիան շատ լավ հասկանում են, որ հայերի գլխի կափարիչը որ պոկվե՛ց, ոչ Ալիև՛ կհարցնեն, ոչ Էրդողա՛ն, ոչ էլ Նիկոլ: Իսկ քանի որ Փաշինյանի քաղաքական տերերն ու գաղափարական պապաները որոշել են, որ Հայաստանը պիտի կազմաքանդվի, հայկական դիմադրության իմունիտետը պիտի սպառվի մինչև վերջ, վարչապետի աթոռն զբաղեցնողն ամեն ինչ անում է՝ բանակում խլրտումներն ամրապնդելու, սպայակազմին իրար դեմ հանելու համար: Պայթյունավտանգ վիճակում գտնվող տարածաշրջան, անվտանգային կոլապսի եզրին գտնվող Հայաստան, որը չունի, կամ ավելի ճիշտ՝ ունի մի քանի Շտաբի պետ»,– ասել է նա:

Հեղինակը նշել է, որ հիմա էլ՝ իրավունքի ուժով արտահայտությու՛նն են Փաշինյանի վայ-մասնագետները նետել ասպարեզ՝ առանց հասկանալու բովանդակությունը, իրավական ու քաղաքական քաշը: «Օնիկ Գասպարյանի բողոքը վարչական դատարանը բավարարեց և վճռեց, որ նա շարունակում է մնալ մեր բանակի Գլխավոր շտաբի պետը: Դա մե՛ծ հարված էր Փաշինյանի համար, որն այդպես էլ չգիտակցեց, որ պետությա՛ն ղեկավար է, ոչ թե թերթի խմբագիր կամ սեփականատեր: Պետության լուրջ ղեկավարը, եթե երեսի ջուրն ուզում է պահել ու ավելի չխայտառակել իրեն ու երկիրը, բանակի անվստահությանն արժանանալուց հետո կթողեր-կգնար, ոչ թե պնդաճակատություն կցուցաբերեր, որպեսզի չկոտրվող տղու տպավորություն թողնի…Փաշի՛նյան, պետությունը փողոց չէ՛, ոչ էլ ձեր պատանեկության տարիների կոմպլեքսներից ձերբազատվելու միջավայր: Դուք բանակի՛ հետ գործ ունեք: Երկու ամիս է՝ երկիրը չունի սպայակազմի ղեկավար…ու՞մ դեմ եք պայքարում…բանակի սպայակազմի՞, որպեսզի ասեք՝ կռիվ տվեցի ու հաղթեցի՞…սա ի՞նչ մանկապատանեկան հոգեբանություն է, դեռատու պահվածք, արկածախնդրություն, որի համար մենք, մեր պետական ինստիտուտներն ու մեր երեխանե՛րն են վճարելու…այնպիսի խառնաշփոթ եք ստեղծել, որ կամա-ակամա, Սահմանադրությունից, օրենքներից հասկացող-չհասկացողն սկսեց պաշտպանել կամ քննադատել Ձեզ ու Օնիկ Գասպարյանին, դուք խնդիրն այնքան մանրացրիք, որ բերեցիք անհատական դաշտ, որտեղ մարդկանց անտեղի անպատվելը, ճղճղան ձայնով հերյուրանք տարածելը մասնագիտական առաքինություն է ձեզ համար: Դուք և ընկեր Փանջունին ուսումնասիրության լավ կերպարնե՛ր եք համեմատական գրականության համար: Իրավունքի ուժով, թե՞ դատարանի վճռով՝ ո՞վ է մեր երկրի Գլխավոր շտաբի պետը և ու՞ր կտանի այս կռիվը մեր երկիրը»,– ասել է նա: