Լավ կլինի, որ բոլոր ուժերը դադարեցնեն առաջարկել, որ պետք է «փրկել» հայրենիքը, ազգը, պետությունը ժողովրդից, քաղաքացիներից, մարդկանցից. Մարիա Կարապետյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Լավ է, որ գոնե երեք ամիս անց խորհրդարանում հնարավոր դարձավ հասնել համաձայնության, որ արտահերթ ընտրությունները, ընդ որում առաց միջանկյալ աճպարարությունների, ճիշտ գործիք են կայունության ու համերաշխության հասնելու համար։ Խորհրդարանական ընդդիմությունը պատասխանատվություն է կիսում, և սա ողջունելի է։

Լավ կլինի, որ բոլոր ուժերը դադարեցնեն առաջարկել, որ պետք է «փրկել» հայրենիքը, ազգը, պետությունը ժողովրդից, քաղաքացիներից, մարդկանցից։ Քաղաքական և այլ տիպի պայքարը միայն սահմանադրության և հետևաբար ժողովրդավարության շրջանակներում կարող է լինել։

Լավ կլինի նաև, եթե խորհրդարանական ուժերը պատասխանատվություն կիսեն նաև ընտրական օրենսգրքի բարեփոխաման համար»։