«Պետք է լինեն արտահերթ ընտրություններ». Թանկյանը՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը հարցազրույց է տվել Vulture կայքին, որտեղ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակին: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը:

Լրագրողի դիտարկմանը՝ հետխորհրդային Հայաստանում գրանցված ընտրակեղծիքների ու խորհրդարանում արձակված կրակոցների մասին տեղեկանալիս կարծիք է ձևավորվում, որ Ամերիկան կարող է հեշտությամբ գնալ նույն ճանապարհով: Այս պարագայում ինչպե՞ս կարող է նա հանգիստ լինել, երբ հայրենիքում և այն երկրում, որը ներկայումս տուն է անվանում, անհնազանդություններ են տիրում, Թանկյանը պատասխանել է.

«Ողբերգական է: Արցախում պատերազմը պարտվելուց անմիջապես հետո ստորագրված ամոթալի զինադադարին (ես ասում եմ՝ «ամոթալի», որովհետև լավ է, որ պատերազմը դադարեց, և այլես մարդիկ չէին զոհվի, բայց հրադադարի կետերը շատ վնասակար էին հայ ազգի համար), հետևեց Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած անկարգությունը: Կարճ ժամանակ անց Կապիտոլիումում տեղի ունեցավ նույն բանը: Դա ինձ ստիպեց զգալ, որ այն, ինչ կատարվում է աշխարհում, շատ փոխկապակցված է: Ես կասեի, որ շատ մարդկանց ցույցերի են տանում այն ուժերը, որոնք շատ-շատ էգոիստ են իշխանությունը զավթելու հարցում, և դա նույնն է ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում»:

Անդրադառնալով հարցին՝ պատերազմից հետո Հայաստանի քաղաքացիների շրջանում տարակարծություններ են առաջացել՝ արդյոք վարչապետը պե՞տք է շարունակի պաշտոնավարել, թե՞ ոչ, այս կապակցությամբ ի՞նչ դիրքորոշում ունի ինքը Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, Թանկյանը ասել է, որ նոյեմբերի 10-ի զինադադարից ի վեր հայերը սգում են ոչ միայն զոհված երիտասարդների, այլ նաև դիկտատուրայի ու անպատժելիության մթնոլորտում շարունակական հարձակումների հետևանքով կորսված 2500-ամյա պատմական հայրենիքի համար:

«Դա ակնհայտորեն Հայաստանում ստեղծում է անկայունություն և մեծ զայրույթ է առաջացնում Նիկոլ Փաշինյանի ներկայիս Կառավարության նկատմամբ: Նա հեղափոխական առաջնորդն էր, որը սկսեց կառավարել 2018-ի թավշյա հեղափոխությունից՝ Հայաստանի պատմության համար կուլմինացիոն պահից ի վեր»,- նկատել է նա:

Թանկյանը նաև նշել է, որ փողոցում գտնվող ընդդիմությունը բաղկացած է տարբեր կուսակցություններից, նրանց մեծ մասը կապված են հին իշխանությունների հետ և նույնիսկ խորհրդարանում ներկայացված չեն ու փորձում են օգտագործել պարտերազմում պարտությունը և վերադարձնել իշխանությունը.

«Նրանցից շատերը կապված են հին իշխանությունների վարչակարգերի հետ, որոնք փորձում են վերադարձնել իշխանությունը՝ որպես արդարացում օգտագործելով պատերազմում Հայաստանի պարտությունը: Դա շատ տհաճ իրավիճակ է: Մարդիկ զայրացած են: Հայերի մեծամասնությունը այժմ գտնվում է մի վիճակում, երբ չի պատկերացնում՝ որ ուժին կարող է սատարել: Շատերը բարկանում են Կառավարությունում տեղի ունեցածի պատճառով: Կան պատերազմի՝ սխալ ղեկավարման ու այլ թեմաների շուրջ չպարզաբանված հարցեր: Բայց մարդիկ նաև չեն վստահում նախկին օլիգարխիկ վարչակարգերին, որոնք շուրջ 20 տարի շարունակ գողացել են քաղաքացիներից»,- ասել է ռոք երգիչը:

Նա նաև համոզմունք է հայտնել, որ ստեղծված իրավիճակում միակ լուծումը նոր արտահերթ ընտրություններն են, որոնց մասին խոսել է գործող Կառավարությունը, և արտահերթ ընտրությունները պետք է լինեն ավելի շուտ, քան՝ հերթականը: Ընդդիմությունը, Թանկյանի խոսքերով, դեմ է արտահերթ ընտրությունների անցկացմանը, քանի որ կասկածներ ունի՝ իրենց ուժերը անգամ այդ պարագայում ավելի քիչ վստահություն կստանան, քան պատերազմում պարտված իշխանությունը:

«Միակ ճանապարհը հիմա ժողովրդավարությունն է: Բանակը չպետք է ստանձնի ղեկավարումը: Ընդդիմությունը՝ ևս: Ոչ ոք պարզապես չպետք է խլի իշխանությունը: Պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ: Եվ դրանք պետք է լինեն 2,5 տարուց ավելի շուտ, երբ չի մոտենա հերթական ընտրությունների ժամկետը: Սա այն է, ինչ ես կարծում եմ»,- եզրափակել է նա: