Ղարաբաղյան ճգնաժամը մնում է չլուծված, և հայտնի չէ՝ ով է տալու անհրաժեշտ լուծումները․ Մալաշենկո

Ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն 168․am-ի հետ զրույցում խոսել է Արցախի հակամարտության և Արցախի պատերազմի մասին։ Վելուծաբանի խոսքով՝ պետք է արձանագրել, որ տեղի է ունեցել պատերազմ, որում Հայաստանը պարտվել է, Ադրբեջանը՝ հաղթել, սակայն քաղաքական ճգնաժամը չի լուծվել, հակամարտությունը կարգավորված չէ, լուծված չեն առանցքային հարցերը, ինչպես կարգավիճակի հարցը, ճանապարհների և խաղաղության հասնելու ճանապարհային քարտեզը չկա, ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետի ավարտից հետո ինչ է լինելու, և հայտնի չէ՝ ով է լուծելու այս բոլոր հարցերը։

«Նկատի ունեմ ԵԱՀԿ ՄԽ-ն, որն ապացուցեց իր անգործունակությունը և ներկայումս էլ չի կարողանում վերակենդանանալ»,- 168․am-ի հետ զրույցում ասաց վերլուծաբանը։

Ըստ նրա՝ հարկ է ամրագրել, որ Հայաստանում կա ներքաղաքական ճգնաժամային իրավիճակ, որը, դեռ հայտնի չէ, թե ինչ ճանապարհով կլուծվի, հասկանալի է, որ ընտրությունների անցկացման դեպքում դրանք հեշտ չեն լինելու, և ներքաղաքական անցուդարձը դեռ շատ խնդրահարույց է։

«Սրան զուգահեռ՝ կան պայմանավորվածություններ, որոնց կատարմանը հետևում է ռուսական կողմը։ Ադրբեջանի ցանկությունն է՝ հնարավորինս շուտ համաձայնություն ձեռք բերել Նախիջևանին կապող ճանապարհի հարցում, բայց հասկանալի է, որ պայմանավորվածությունների կատարումը և ընդհանրապես խաղաղության հաստատումը բարդ պրոցես է, քանի որ տարաձայնությունները, ըստ էության, վերացած չեն։ Ռուսաստանի դերն այս ամենում՝ հետևելն է իրավիճակին, բանակցություններին, և  լարվածություն կողմերի միջև թույլ չտալն է։ Կարծում եմ՝ սրանով է պայմանավորված զուգահեռ հեռախոսազրույցները Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ։ Իսկ, ընդհանուր առմամբ, պատերազմը չափազանց անկանխատեսելի է, փաստն այն է, որ եղավ պատերազմ, բայց գլխավոր հարցերը մնացին չլուծված։ Ղարաբաղյան ճգնաժամը մնում է չլուծված»,- ասել է նա Մալաշենկոն։

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ օրերս ՌԴ-ի և Թուրքիայի նախագահները մասնակցեցին թուրքական «Ակույու» ատոմակայանի երրորդ էներգաբլոկի հիմնարկեքին՝ ցույց տալով, որ հարաբերությունները կարող են լինել կոնֆլիկտային և համագործակցային, ինչը բացառիկ օրինակ է։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։