«Դժվար ժամանակներ էին». Միշել Օբաման պատմել է Covid-19-ի ժամանակ կյանքն արժևորելու, հոգեկան առողջության և նոր հոբբիների մասին (լուսանկարներ)

ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման People ամսագրին տված հարցազրույցում պատմել է Covid-19 համավարակի ժամանակ կյանքն արժևորելու, հոգեկան առողջության և նոր հոբբիների մասին։

«Դժվար ժամանակներ էին։ Շատ մարդիկ կորցրել են աշխատանքը, որոշները՝ քաղցած մնացել։ Մենք սովորեցինք արժևորել մեր կյանքը, առողջությունն և ընտանիքը»,- ասել է ԱՄՆ-ի նախկին առաջին տիկինը։

Միշել Օբամայի խոսքով՝ «նման հանգամանքներում ընկճախտը միանգամայն բացատրելի է․ յուրաքանչյուր ոք իր կյանքի ինչ-որ շրջանում առերեսվում է այդ երևույթին և դրանից կարելի է ձերբազատվել միայն հոգեկան առողջության մասին հոգ տանելով»։

Խոսելով ինքնամեկուսացման «դրական» կողմերի մասին՝ նախկին առաջին տիկինը նշել է, որ «այդ ընթացքում ինքը և ամուսինը՝ Բարաք Օբաման, շատ ժամանակ են անցկացնել իրենց 2 դուստրերի հետ և ավելի ամուր հարաբերություններ են հաստատել նրանց հետ»։

Մինչ Սաշան ու Մալիան, ինչպես նշել է Օբաման, ինքնամեկուսացման ամիսներին զբաղվել են խոհարարությամբ, ինքը գործել է սովորել և կատարելագործել լողալու տեխնիկան։

Օբաման People ամսագրին նաև հայտնել է, որ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ և նույնն անելու կոչ է անում մյուսներին։

«Ես բոլորին կոչ եմ անում հնարավորության դեպքում անհապաղ պատվաստվել»,- հավելել է նա։