ՌԴ-ում վերսկսվում է ադրբեջանցի միլիոնատիրոջ կողմից Աբրահամ Ռուսոյի առևանգման գործով քննությունը

Մոսկվայի Պրեսնենսկի դատարանը վերսկսում է 2004 թվականին էստրադային երգիչ Աբրահամ Ռուսոյի առևանգման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը:

Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը, նշելով՝ հանցագործության պատվիրատու է համարվում մոսկովյան հանրահայտ «Չերկիզովսկի» շուկայի նախկին սեփականատեր, ադրբեջանցի միլիոնատեր Թելման Իսմայիլովին, իսկ հանցագործությունը կատարել են նրա հարազատը և մերձավոր շրջապատի այլ անձինք:

Նշվում է՝ 2019-ի վերջին դատարանն արդեն դադարեցրել էր վարույթը՝  հղում կատարելով Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածին, բայց վերաքննիչ ատյանը այն վերադարձրել էր: Այդ ընթացքում ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքների վաղեմության ժամկետն արդեն լրացել էր, և հիմնական մեղադրյալներից մեկը կորոնավիրուսային համավարակի պատճառով մնացել է Ֆրանսիայում և դատական գործընթացին մասնակցում է տեսակոնֆերանսի ձևաչափով:

Հիշեցնենք՝ Պրեսնենսկի դատարանը պետք է սկսեր վերանայել հայտնի երգչի առևանգման գործը 2020 թվականի ամռանը: Սակայն դատավարության մեկնարկից առաջ հիմնական մեղադրյալներից մեկը՝ գործարար Զաուր Մարդանովը, բուժման նպատակով մեկնել էր Ֆրանսիա, որտեղից Մոսկվա վերադառնալ չէր կարողացել՝ տեղական իշխանությունների հայտարարած «լոքդաուն»-ի պատճառով:

Այս առնչությամբ դատարանը որոշել էր անորոշ ժամանակով ընդմիջել դատավարությունը՝ հույս դնելով երկու երկրների միջև ավիահաղորդակցության վերսկսման վրա:

Այնուամենայնիվ, մինչ օրս կորոնավիրուսային համավարակով պայմանավորված թռիչքների արգելքը դեռևս չի հանվել և դրաչեղարկման հեռանկարը շարունակում է անորոշ մնալ: 

Ստեղծված ֆորսմաժորային իրավիճակի ֆոնին՝ մեղադրող կողմը և պաշտպանական կողմը համաձայնության են եկել, ըստ որի՝ Մարդանովը դատական նիստերին կմասնակցի առցանց ձևաչափով: 

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, հետաքննության վարկածով՝ 2004թ․ հունվարին Ռուսոն խաբեությամբ կանչվել էր մոսկովյան «Պրահա» ռեստորան, որտեղ իր կաբինետում Իսմայիլովը ծեծի է ենթարկել երաժշտին՝ պահանջելով նրանից չեղարկել բոլոր համերգները և այսուհետ հյուրախաղային գործունեությունը ծավալել միայն իր հետ համաձայնեցնելով։

Դրանից հետո Իզմայիլովի զարմիկը՝ Մարդանովը, և գործարարի վարորդը՝ Գուսակովը, բռնությամբ Ռուսոյին տարել են միլիոնատիրոջ` Մերձմոսկվայում գտնվող առանձնատուն, որտեղ պահել են երեք օր՝ մինչև երգիչը համաձայնել է կատարել գործարարի բոլոր պայմանները։