Ամերիկացի ձեռնարկատեր, Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը The Joe Rogan Experience հեռուստառադիոծրագրի ժամանակ հայտնել է, որ շատ է աշխատում և օրական քնում է ամենաշատը 6 ժամ, գրում է CNBC-ն։
«Ես փորձել եմ ավելի քիչ քնել, բայց արդյունքում արդյունավետությունս նվազել է»,- ասել է նա՝ հավելելով, որ վեց ժամից ավելի քնի կարիք չունի:
Գործարարը նաև պատմել է՝ ինչպիսին է իր աշխատանքային գրաֆիկը։
«Ես շատ եմ աշխատում։ Սովորաբար աշխատանքի վայրում մնում եմ մինչև ուշ գիշեր։ Երբեմն աշխատանքի եմ լինում շաբաթ և կիրակի օրերին», – նշել է Մասկը։
Նախկինում, ըստ գործարարի, նա ավելի շատ է աշխատել։ Միլիարդատերը երբեմն ստիպված է եղել քնել Tesla-ի գրասենյակում՝ իր սեղանի տակ։
Մասկի խոսքով՝ երբ աշխատում էր TeslaModel3-ի արտադրության ավելացման ուղղությամբ (մոդելը ներկայացվել է 2016 թվականին), շաբաթական աշխատում էր 120 ժամ՝ խոստովանելով, որ այդ դա «անառողջ» է եղել իր համար։
«Ոչ ոք չպետք է այդքան ժամ աշխատի։ Ոչ մեկին խորհուրդ չեմ տալիս շաբաթական 120 ժամ աշխատել, այլապես կարելի է խելագարվել»,- ասել է Մասկը։