ԱԱԾ-ն քաղաքացիներին զրկում է տեղեկատվություն ստանալու իրավունքից․ «Մեդիա պաշտպան»

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հայտարարության համաձայն՝ լրատվամիջոցներն այսուհետ հատուկ թույլտվություն պետք է ունենան ՀՀ Սյունիքի մարզի սահմանային հատվածների վերաբերյալ հրապարակումներ անելու համար։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը պահանջում է չխախտել օրենքը և քաղաքացիներին չզրկել տեղեկություն ստանալու՝ Սահմանադրությամբ սահմանված իրավունքից։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը այս որոշումը համարում է խոսքի ազատության դեմ ուղղված ամենապարզունակ քայլը։ ԱԱԾ սահմանապահ զորքերը, փաստորեն, կատարում են իշխանությունների կամքը։ Վերջիններս ցանկանում են սահմանափակել խոսքի ազատությունը, որպեսզի պարբերաբար զիջվող տարածքների մասին տեղեկատվությունը լայն տարածում չունենա։